«Ինձ համար Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան անուններով նախագահ ՀՀ-ն երբեք չի ունեցել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
«Մարտի մեկի բացահայտման հարցն օրինականության հարց է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով եկել էր մասնակցելու 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հնգամյա տարելիցի կապակցությամբ Երևանի Սբ. Սարգիս եկեղեցում 10 զոհերի հիշատակին մատուցված պատարագին:
Փաշինյանը, ով, որպես ընդդիմադիր գործիչ, 2008 թ. փետրվար-մարտ ամիսներին ծավալված հետընտրական իրադարձությունների ակտիվ մասնակիցներից էր, նշեց, որ պետք է խոսել Մարտի 1-ի ամբողջական բացահայտման և կոնկրետ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին, ինչը, ըստ նրա, տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ Հայաստանում կհաստատվի ժողովրդի իշխանություն:
«Բայց կարող ենք մի բան հստակ արձանագրել, որ Մարտի մեկի սպանությունների բացահայտման հարցը երբեք չի կարող դուրս գալ Հայաստանի ժողովրդի օրակարգից, քանի դեռ բոլոր մեղավորները, առանց բացառության, չեն կանգնել դատարանի առջև` օրենքով սահմանված կարգով»,- ավելացրեց նա:
Լրագրողները Նիկոլ Փաշինյանից խնդրեցին նաև մեկնաբանել այն տեսակետը, որ Մարտի 1-ի դեպքերը մշտապես կապվում են ՀՀ երեք նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անունների հետ: Ի պատասխան Ն.Փաշինյանն ասաց, որ իր համար հասկանալի չէ «երեք նախագահ» արտահայտությունը: «Ձեր նշած վերջին երկու անուններով նախագահ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել…Ինձ համար Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան անուններով նախագահ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյան:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում