Արման Մելիքյանը ՍԴ չի դիմելու

Այս մասին ՀՀ նախագահի նախկին թեկնածուն տեղեկացրել է ֆեյսբուքի իր էջում։

«Սահմանադրական դատարան չենք դիմելու: Պատճառն այն չէ, որ չունենք ընտրությունների զանգվածային կեղծման անհրաժեշտ ու ավելի քան բավարար ապացույցները, այլ այն, որ Հայաստանում արդարադատության համակարգ կոչվածն արդարադատության հետ նվազագույն առնչությունն անգամ չունի` մեռած է: Հայցադիմումը պատրաստ է, ապացույցներն ավելի քան համոզիչ, սակայն դատավորները դատելու բարոյական իրավունքը չունեն: Ես տխուր փորձ ունեմ դեռևս 2008թ. ի վեր, երբ ՀՀ ՍԴ հայց ներկայացրի, որով փորձում էի վերականգնել Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիների՝ քվեարկությանը մասնակցելու փաստացիորեն խլված իրավունքը: Այսօր արտերկրում մենք ունենք երկու տեսակի ՀՀ քաղաքացիներ` նրանց աննշան մի մասը կարող է մասնակցել ընտրություններին, իսկ մոտ 1.260.000 քաղաքացիներ էլ կամայականորեն զրկված են այդ հնարավորությունից: Նախապես էի հայտարարել, որ ՀՀ իրավապահ ու դատական համակարգերին որևէ հարցով չեմ դիմելու, քանի որ Հայաստանը իրավական պետություն չէ այսօր: Փետրվարի 18-ի «քվեարկությունը» ժողովրդին խաբելու այնչափ անամոթ և խայտառակ մի օրինակ էր, որ գայթակղություն առաջացրեց դատական կարգով վիճարկել դրա` իշխանության քմահաճույքով նկարված արդյունքները, սակայն սթափ վերլուծությունը ստիպեց հրաժարվել այդ մտքից. ՀՀ դատական համակարգին դիմելը կնշանակի, որ ճանաչում եմ այդ համակարգի` դատելու իրավունքն ու իրավասությունը, իսկ ես դա անել չեմ կարող, այդ իրավունքն այդ համակարգը չի վաստակել: Իմ թիմի այս որոշումը ամենևին չի նշանակում, որ համակերպվել ենք այս իրավիճակի հետ` պարզապես այլ ուղիներ ենք տեսնում արդարությունը հաստատելու համար»,- գրել է Ա.Մելիքյանը:

Տեսանյութեր

Լրահոս