Ռուսաստանն Ադրբեջանի նախագահական ընտրություններից առաջ ցանկանում է իրականացնել «վրացական» սցենարը. Սաակաշվիլի
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ գիշեր Բաքվից վերադառնալուց հետո Թբիլիսիի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր երկօրյա ադրբեջանական այցի ընթացքում հստակ տեսել է, թե ինչ սպառնալիքի առջև են կանգնած Վրաստանն ու Ադրբեջանը.
«Այդ սպառնալիքը բխում է Ռուսաստանից, ուր ստեղծվել է Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններից սերած ոմն Սադիկովի գլխավորած սփյուռքը: Նա շատ հարուստ այսպես կոչված ռուս գործարար է: Այդ սփյուռքի մեջ են ընդգրկել նաև Ալեքպերովին ու ևս մի քանի ռուս միլիարդատերերի:
Այդ կազմակերպությանը նպատակն Ադրբեջանի ներկայիս նախագահի՝ Ադրբեջանի անկախության երաշխավորի դեմ պայքարն է այն նույն սցենարով, որը նախորդ տարվա հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից առաջ իրագործեցին Վրաստանում: Այդ պայքարում գործի են դրվել փողեր, օլիգարխներ, ռուսական կապիտալ, շանտաժ և տարբեր սադրանքներ:
Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Սադիկովը սերում է Գարդաբանի քաղաքից (ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլի) և հայտարարել է, որ նա միաժամանակ պայքարելու է նաև Վրաստանում բնակվող ադրբեջանցիների ինքնավարության համար: Իսկ այսպես կոչված համաներմամբ Վրաստանի կառավարության աջակցությամբ օրեր առաջ ազատ արձակված Չախալյանը Թբիլիսիում մամուլի ասուլիս է տվել, որում պահանջել է իմ ձերբակալությունը:
Բնականաբար, դուք գիտեք, որ այս ողջ ընթացքում նա պահանջում է Ջավախքի ինքնավարություն: Հասարակությանը կոչ եմ անում մտածել այս սպառնալիքների շուրջ: Այսօրվա իրավիճակը ինձ հիշեցնում է 1990-ական թվականների ավարտը, երբ ակտիվորեն խոսակցություններ էին գնում Ջավախքին ու Կվեմո Քարթլիին ինքնավարություն տալու մասին:
Մեզ մոտ վերջին 8 տարիներին այդպիսի խոսակցություններ չեն եղել: Եվ ինձ ընդհանրապես դուր չի գալիս, որ դրանք այսօր վերսկսվել են: Չէ՞ որ եթե մենք գործեինք այլ կերպ ու չազատեինք Չախալյանին, ապա ամեն ինչ այլ կլիներ»:
Սաակաշվիլին հավելել է, որ պատրաստվում է մոտ ժամանակներս այցելել հարևան մի շարք երկրներ, այդ թվում նաև Թուրքիա: Սակաշվիլին խոստացել է մոտակա օրերին այցելել Ախալքալաք և տեղում ծանոթանալ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման աշխատանքներին՝ ընդգծելով, որ վերջին շրջանում փորձում է հարթել դրա հետ կապված Ադրբեջանի հետ հարաբերություններում ծագած թյուրիմացությունները (Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունները):