
Բաքվից վերադարձած Սաակաշվիլին Թբիլիսիի օդանավակայանից նախագահական նստավայր է վերադարձել իր ավտոմեքենայով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կտրականապես հրաժարվում է Պետական պահպանության հատուկ ծառայության տրամադրած թիկնազորից:
Ադրբեջանից վերադառնալուց հետո Սաակաշվիլին Թբիլիսիի օդանավակայանում հայտարարել է, որ այն բանից հետո, ինչ իրեն մեղադրեցին սեփական անվտանգության համար միլիոններ վատնելու մեջ, ինքն այլևս թիկնազորի կարիք չի զգում:
Սաակաշվիլին լրագրողներին ցույց է տվել պահպանության ծառայության 30 ավտոմեքենան ու ընդգծել է, որ իրեն անհրաժեշտ չէ «այդ էժանագին PR-ը». «Ինձ համար բավական են այն ավտոմեքենաները, որոնք առկա են նախագահի աշխատակազմի տրամադրության տակ: Ես կարող եմ անձամբ վարել:
Դա իմ իրավունքն ու որոշումն է՝ որպես սովորական քաղաքացի ու մարդ: Ես ինձ այսպես էլ հիանալի եմ զգում և կարիք չեմ զգում թիկնազորի»:
Սաակաշվիլին Թբիլիսիի օդանավակայանից նախագահական նստավայր է վերադարձել իր անձնական ավտոմեքենայով: