
Սաակաշվիլին հրաժարվել է զրահապատ ավտոմեքենաներից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահի աշխատակազմն այսօր հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կառավարությանն առաջարկել է հետ վերցնել զրահապատ ավտոմեքենաները:
Սաակաշվիլին երեկ առանց թիկնապահների, իր վարած էլեկտրամոբիլով ժամանել էր Թբիլիսիի միջազգային օդանավակայան՝ Բաքու մեկնելու համար: Նրա աշխատակազմի այսօրվա հայտարարության մեջ նշված է, որ նախագահը հրաժարվում է Պետական պահպանության հատուկ ծառայությունից, ինչի պատճառը վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հրահանգով իրականացվող էժանագին հնարքներն են:
Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ Սաակաշվիլին պատրաստվում է տեղաշարժվել իր անձնական տրանսպորտով, և որ նրանք կարող են նախագահի աշխատակազմի ավտոտնակից հետ վերցնել զրահապատ ավտոմեքենաները:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին Պետական պահպանության հատուկ ծառայությունից հրաժարվել էր նրա համար, որ դրա պետ է նշանակվել Բիձինա Իվանիշվիլիի զիկնազորի նախկին պետ Անզոր Չուբինիձեն՝ փոխարինելով Թեմուր Ջանաշիային: Նախագահի պահպանության հատուկ ծառայությունը բաղկացած է 350 անձանցից, նրա բյուջեն կազմում է 7 միլիոն լարի (մոտ 4.2 միլիոն դոլար):