Աշոտյանը և յուր «ինտելեկտուալները». մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ, կառավարության նիստից հետո, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին մի քանի հարց ուղղեցինք՝ պարզելու համար, թե նախօրեին ԵՊՀ-ի մոտ այդ ի՞նչ զորք էր, որը ԵՊՀ ռեկտորի խորհրդական Գևորգ Մելքոնյանի հրամանով առաջ էր շարժվում դեպի ցուցարար ուսանողները։
-Բարև Ձեզ պարոն Աշոտյան, զորքի հետ եք եկել, թե առանց զորքի:
-Իմ զորքը ինձ հետ է միշտ, նախևաոաջ ի դեմս ձեզ…
-Խոսքը ԵՊՀ-ի զորքի մասին է, որը երեկ բացահայտվեց։
Այս դիտարկմանն ի պատասխան՝ նախարարը բավական երկար բարոյախրատական ելույթ ունեցավ՝ հանդուրժողականության, կառուցվող պատերի, օբյեկտիվության, իրավիճակի հանդարտեցման և այլնի մասին։ Եվ ոչ մի խոսք՝ զորքի մասին։ Ուստի փորձեցինք զրույցը վերադարձնել թեմայի շրջանակներ։
-Պարոն Աշոտյան, մենք փաստի մասին ենք հարցնում՝ ԵՊՀ-ում զորք կա՞, թե չկա։
-Ես կարծում եմ բառերից… ստրուկ կա՞ ԵՊՀ-ում։
-Ռեկտորի խորհրդականը ասում է՝ զորքը բերեք առաջ։
-Հայկ, ստրուկ կա՞ ԵՊՀ-ում։
-Ինձ ստրուկը չի հետաքրքրում, ինձ զորքն է հետաքրքրում։
-Ինձ էլ զորքը չի հետաքրքրում։
-Դա Ձեր իրականացրած բարեփոխումների արդյո՞ւնքն է, որ ԵՊՀ-ում զորք կա։
-Հայկ, ստրուկ կա՞ ԵՊՀ-ում։
-Հարցերն այստեղ մենք ենք տալիս, պարոն Աշոտյան։ Երբ մենք կլինենք նախարարներ, իսկ դուք լրագրող, մենք կպատասխանենք ձեր հարցերին։
-Եթե դուք ունեք պատասխան, կարող եք շիտակ պատասխանել նույնիսկ ամենավատ նախարարի հարցերին, էլ չասեմ՝ իմ հարցին՝ առավել ևս։ Խնդրում եմ պատասխանեք՝ կա՞ ստրուկ ԵՊՀ-ում։
-Պարոն Աշոտյան, խնդրում եմ պատասխանեք՝ Հայաստանի Հանրապետության մայր բուհում կա՞ զորք։
-Ես հասկացա, որ դուք պատասխան չունեք։
-Հիմա ԵՊՀ-ում զորք կա՞, թե չկա։
-Հայկ, զավեշտալի հարցեր մի տուր։
-Ինքը ասում է՝ զորքը բերեք առաջ… ԵՊՀ ռեկտորի խորհրդականը ասում է՝ զորքը բերեք առաջ։
-Ինքը ասում է զորքը բերեք, զորք… դուք զորք տեսա՞ք այնտեղ։ «Զորք»-ը բառ է, որ օգտագործել է այդ պահին՝ հոգեհուզական վիճակից ելնելով և սխալ է օգտագործել։
-Ասում է՝ զորքը բերեք, ու զորքը գալիս է:
-Դու շփոթել ես իմ պաշտոնը։ Ես Գևորգ Մելքոնյանի մամուլի խոսնակը չեմ։ Ես կարող եմ վերլուծել իրավիճակը և ի տարբերություն ձեզ՝ անկողմնակալ եմ։ Խնդրում եմ դա ֆիքսեք հստակ։
-Իհարկե կֆիքսենք։
-Ի վերջո կա՞ ստրուկ Հայաստանում, ես չհասկացա։
-Իսկ ո՞վ է ասել՝ ստրուկ։
-Դիմացի կողմը։
-Անուն ազգանունով կարո՞ղ եք ասել, ո՞վ է ասել ստրուկ։ Ես կարող եմ անուն ազգանունով ասել թե ով է ասել «զորքը բերեք»:
-Ես էդ մարդկանց անուն ազգանունները չգիտեմ։
-Իսկ ես գիտեմ՝ ով է ասել «զորքը բերեք»՝ Գևորգ Մելքոնյանն է ասել։
-Շատ լավ, խնդրում եմ լրագրողական հետաքննություն անել, թե երեք օրվա ընթացքում ով` ում է ինչ ասել։
-Ավելի լավ է հետաքննություն անենք և տեսնենք, թե զորքը երբ է ստեղծվել և ինչու։
Նախարարի հետ զրույցն ավարտվեց։ Բայց իր պատասխանների բարոյախրատական մասում ԿԳ նախարարը մի այսպիսի արտահայտություն արեց, «մեզ պետք չեն ինքնահավան երիտասարդներ, որոնք մի քանի անգլերեն բառ ավել իմանալու պատճառով, կարող են փորձել՝ վերևից նայել լոռեցի կամ ջավախքցի ուսանողներին… եթե այդ ուսանողները հրավիրված չեն լինում՝ մի շարք դեսպանատների զմրուխտածածկ գազոններում կոկտեյլների, չի նշանակում, որ մարզաբնակ ուսանողները, երկրորդ կարգի ուսանողներ են»:
Բայց նախարարը ոչ մի ակնարկ անգամ չարեց, որ մեզ պետք չեն ռեկտորի խորհրդականի հրամանով առաջ եկող զորքում ներառված՝ ակնհայտորեն քրեական վարքուբարքով ու բառապաշարով երիտասարդներ, որոնց «ինտելեկտուալ» դեմքերը արձանագրված են տեսաձայնագրություններում։ Ու եթե ֆիքսում ենք, որ նախարարը անկողմնակալ է ու անկեղծ, պետք է նաև ֆիքսենք, որ այդ «ինտելեկտուալները» Աշոտյանի երազած երիտասարդության մարմնավորումներն են»։