Բաժիններ՝

Հայաստանի 4 քաղաքներում դասընթացներ կանցկացվեն Google-ի քարտեզներում ճիշտ քարտեզ գծելու համար

Հայաստանի 4 քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Դիլիջանում և Գորիսում, մի խումբ երիտասարդների համար այս գարնանը հատուկ դասընթացներ կանցկացվեն՝ նրանց սովորեցնելու համար, թե ինչպես ճիշտ գծել քարտեզ Google Maps Maker-ում: Այդ ամենը մեզ հնարավորություն կտա առաջիկայում ունենալ ավելի ճիշտ գծված Google Maps (քարտեզներ): Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց GDG Armenia-ի համակարգող Վարդան Գրիգորյանը՝ նշելով, որ առաջիկայում ծրագրով ներառված են այդ չորս քաղաքների քարտեզները, սակայն, եթե ծրագիրը բարեհաջող ընթացք ունենա, կշարունակեն սեմինարներ անցկացնել ուրիշ քաղաքներում նույնպես:

Google Developer Group(GDG)-ը Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրված մարդկանց և կազմակերպությունների խումբ է, որոնք պարբերաբար հավաքվում են և քննարկում տեխնոլոգիական ոլորտի տարբեր հարցեր: Նման խմբեր գործում են աշխարհի ավելի քան 60 երկրներում:

Հայաստանում ուղիղ 2 տարի առաջ փետրվարի վերջին երկու երիտասարդների՝ Վարդան Գրիգորյանի և Վարդան Պապիկյանի ջանքերով ստեղծվեց GTUG(Google Technology User Group) խումբը, որն անցյալ տարվա կեսից անվանափոխվեց GDG-ի: Նրանք էլ հենց դարձան Հայաստանում՝ GTUG-ի, հետագայում՝ GDG-ի համակարգողները: GDG խումբը նպատակ ունի օգնել Հայաստանում Google-ի գործիքների օգտագործման խնդիրները լուծելուն: Ուստի անընդհատ կազմակերպվում են տարբեր հանդիպում-քննարկումներ:

Վ. Գրիգորյանի խոսքով՝ իրենք այս տարի, բացի ավանդական դարձած հանդիպումներից, առաջին անգամ նաև խոշոր մի քանի կարևոր միջոցառումներ են անցկացնելու:

«Առաջինը դա DevFest միջոցառումն է, որն առաջին անգամ կլինի Հայաստանում: Այդ առիթով մենք Հայաստան կհրավիրենք մասնագետներ Google-ից, ովքեր և շնորհանդեսներ կանցկացնեն Google-ի տեխնոլոգիաների վերաբերյալ: Մասնավորապես շեշտը դնելու ենք Android-ի ծրագրավորման վրա»,- ասաց Վ. Գրիգորյանը՝ նշելով, սակայն, որ միջոցառման ժամանակ, շնորհանդեսից բացի, կանցկացվի նաև Հեքըթոն միջոցառում:

GDG խումբը պլանավորում է նաև Android-ի ուսուցողական դասընթացներ կազմակերպել Հայաստանում՝ սկսնակ ծրագրավորողների համար: Այդ դասընթացները հիմնականում կվարեն դրսի մասնագետներ՝ Android-ի ծրագրավորողներ, ինչպես նաև Google-ի աշխատակիցներ:

Վ. Գրիգորյանի խոսքով՝ իրենք 2013-ին կազմակերպելու են նաև հատուկ միջոցառում միայն իգական սեռի ներկայացուցիչների համար, որի նպատակն է՝ նրանց ակտիվության բարձրացումը Google տեխնոլոգիաների զարգացման, օգտագործման և տարածման ուղղությամբ:

«Այս ամենից բացի, մենք կունենանք ընթացիկ փոքր հանդիպումներ, քննարկումներ և շնորհանդեսներ»,- ասաց Վ. Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս