Ժողովուրդը կողմ արտահայտվեց Նիկոլ Փաշինյանի առաջարկին` կազմավորելու Նոր կառավարություն (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքը նշանավորվեց մի նոր իրադարձությամբ` առաջին անգամ շարժման ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը որևէ հարցի քննարկումը կատարեց անմիջապես հավաքված ժողովրդի հետ` տվյալ հարցը դնելով քվեարկության, այսինքն տեղի ունեցավ հանրահավաքային հանրաքվե: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց կողմ կամ դեմ լինելու դեպքում բարձրացնել ձեռքերը: Մասնավորապես քվեարկության դրվեց շարժման ակտիվ գործիչներից մեկի` Նիկոլ Փաշինյանի առաջարկը` Ազատության հրապարակում կազմել Հայաստանի Նոր կառավարության կազմը: Նշենք, որ ժողովրդի մեծամասնությունն ակնհայտորեն կողմ արտահայտվեց Նիկոլ Փաշինյանի առաջարկին:

Ուշագրավ է, որ մինչ այդ Րաֆֆի Հովհաննիսյանը քննարկման դրեց նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, ինչին կարծես դեմ արտահայտվողներն ավելի շատ էին, քան` կողմ:

Հիշեցնենք, որ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փետրվարի 24-ին հանդես եկավ հոդվածով, որում մասնավորապես նշված էր. «Րաֆֆի Հովհաննիսյանը չպետք է ձեռնարկի այնպիսի գործողություններ, որոնք դե յուրե հատուկ են միայն նախագահի պարտված թեկնածուներին: Եվ ընդհակառակը, պիտի ձեռնարկի միայն ու միայն այնպիսի գործողություններ, որոնք հատուկ են հաղթած թեկնածուին, այսինքն՝ նորընտիր նախագահին: Այսպես ասելով՝ նկատի ունեմ նոր իշխանության, կամ եթե կուզեք՝ Նոր կառավարության ձևավորումը: ՀՀ օրենսդրության համաձայն Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահի պաշտոնը պետք է ստանձնի ապրիլի 9-ին: Մինչ այդ ուրեմն, նրա հիմնական անելիքը մնում է Նոր կառավարության ձևավորումը»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութուն

Տեսանյութեր

Լրահոս