Պոլիտեխնիկում կգործի ԱրմՌոբոտիքս լաբորատորիա
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ համաձայնություն է ձեռք բերել Պոլիտեխնիկի ավագ դպրոցում ստեղծել ռոբոտատեխնիկայի լաբորատորիա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մենեջեր Մարիամ Նահապետյանը: Նրա խոսքով՝ տարածքն արդեն պատրաստ է, և այն կիսով չափ արդեն կահավորված է: ԱրմՌոբոտիքս լաբորատորիայի պաշտոնական բացումը կլինի ապրիլի վերջին, սակայն մինչ այդ լաբորատորիայում ռոբոտաշինության դասեր կանցկացվեն արդեն մարտի 15-ից սկսած:
«Լաբորատորիայում նախատեսվում է ռոբոտատեխնիկայի վերաբերյալ դասընթացներ անցկացնել ինչպես՝ Երևանի բոլոր դպրոցների աշակերտների, այնպես էլ՝ ուսանողների և, ընդհանրապես, այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել ռոբոտատեխնիկա»,- ասաց Մ. Նահապետյանը՝ նշելով, սակայն, որ ցանկությունից բացի, խմբակներին մասնակցելու համար նաև որոշ նախնական գիտելիքներ են անհրաժեշտ: Ռոբոտների խմբակները կլինեն վճարովի, սակայն, Մ. Նահապետյանի խոսքով՝ դա կլինի սիմվոլիկ գումար:
«Այս ամենի նպատակը ոլորտի խթանումն է. մեր կազմակերպած ռոբոտների մրցույթների մասնակիցները միշտ չէ, որ ունեն համալիր գիտելիք, իսկ նմանատիպ դասընթացների միջոցով կարող ենք բարձրացնել նաև մեր մրցույթների մակարդակը»,- ասաց Մ. Նահապետյանը՝ նշելով, որ դասընթացները վարելու են մարդիկ, ովքեր դասավանդման փորձ ունեն դպրոցներում և մշտապես լավագույն արդյունք են ցուցաբերել մրցույթներում:
Տեղեկացնենք, որ 2008թ.-ից սկսած՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը՝ ԱրմՌոբոտիքսը, որի նպատակն է՝ Հայաստանում զարգացնել ռոբոտաշինությունը: