Նիկոլ Փաշինյան. «Սա պետությո՞ւն է, թե՞ պետություն չէ» (տեսանյութ)

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերեց աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանի նամակն՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Սերժ Սարգսյանը Սերժ Թանգյանին ուղղված նամակի մեջ մի շատ կարևոր շեշտադրում էր արել, բացահայտում, ես կասեի՝ «Սա պետություն է, Սերժ»,- ասել էր Սերժ Սարգսյանը Սերժ Թանգյանին:

Ինչպես գիտեք, պետությունը, Հայաստանի Հանրապետությունն ունի Սահմանադրություն, որտեղ շատ հստակ ասված է, որ պետական պաշտոնյաներն իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքներով և Սահմանադրությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի կայքում տեղադրված է հաղորդագրություն, ըստ որի՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակիցներին, մարզի համայնքների ղեկավարներին՝ Սերժ Սարգսյանի համար ցուցանիշներ ապահովելու համար»,- նշեց Ն. Փաշինյանը, ում խոսքով՝ նմանատիպ շեշտադրմամբ հանդես է եկել նաև Արմավիրի մարզպետը՝ Սերժ Սարգսյանի համար ապահովել է  ցուցանիշներ, իսկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը ցուցանիշներ չապահովելու համար հրաժարական է տվել: «Հիմա հասկանանք՝ սա պետությո՞ւն է, թե՞ պետություն չէ»,- հարցրեց Ն. Փաշինյանը:

Վերջինիս երկրորդ հարցը վերաբերում էր վերջին օրերին Ոստիկանության կողմից հավաքների խոչընդոտմանը: «Եվ երկրորդ՝ այս ֆոնին, էսպես ասած, կներեք այս բառի համար՝ կիսահանցագործ դեմքերը նորից սկսել են ակտիվանալ: Ի՞նչ նկատի ունեմ՝ կիսահանցագործ դեմք ասելով: Ժամանակին, երբ միջադեպ էր տեղի ունեցել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ, էն ժամանակ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը՝ լրագրողների հարցին ի պատասխան, միջադեպի մասնակիցների նկարները տպագրելու հետ մեկտեղ՝ ասել էր, որ նրանք հանցագործ դեմքեր են, բայց պարզվել էր, որ նրանք Ոստիկանության աշխատակիցներ են»,- ասաց Ն. Փաշինյանը, ում խոսքով՝ այսօր կրկին կան Ոստիկանության աշխատակիցներ, ովքեր սադրանքներով խոչընդոտում են հավաքները:

«Կիսահանցագործ դեմքերի պատասխանատվությունը Ոստիկանությունը կրո՞ւմ է, թե՞ ոչ»,- հարցրեց պատգամավորը: Նրա հարցին պատասխանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում խոսքով ՝ իրենք անպայման կքննարկեն պատգամավորի կողմից բարձրացված հարցերը, և նշեց, որ ինքն առաջին անգամ է լսում, որ իրենց մարզպետն այդպիսի ցուցում է տվել աշխատակիցներին: «Ոստիկանության աշխատանքներում նույնպես  արձանագրվել են լրջագույն փոփոխություններ, և դրա մասին են վկայում այն միտինգները, որ ընթանում են, և, թե ինչպես է Ոստիկանությունն ապահովում անվտանգությունը: Շնորհակալական խոսքեր ենք լսել նաև միտինգավորների կողմից»,- ասաց վարչապետը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս