«Մերսեդես»-ս ո՞ւմ նվիրեմ
ՀՀ Կառավարությունը իր վաղվա նիստում որոշում կկայացնի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հաշվեկշռում հաշվառված Մերսեդես-Բենց E 280 մակնիշի 6120 հազ. դրամ սկզբնական արժեքով ավտոմեքենան ՔԿ վարչությունից հետ վերցնելու և որպես գույքային ներդրում «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին հանձնելու մասին։
Շարքային, աշխատանքային որոշում է, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած ավտոմեքենան հաշվառված է քրեակատարողական վարչության հաշվեկշռում, 2008 թվականից փաստացի ծառայում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կարիքների համար («Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության 2001թ. սեպտեմբերի 22-ի թիվ 888 որոշմամբ)։ Հետևաբար, ինչպես նշվում է պաշտոնական հիմնավորման մեջ, առավել նպատակահարմար կլինի, եթե Մերսեդես-Բենց E 280 մակնիշի ավտոմեքենան գտնվի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հաշվեկշռում:
Ամեն ինչ տրամաբանական է և հասկանալի։ Սակայն կառավարությունը կառավարության չէր լինի, եթե անգամ այս աննշան, մեծ կարևորություն չներկայացնող աշխատանքային որոշմանը չփորձեր թեկուզ մի փոքր կարևորություն ու «ճոռոմություն» հաղորդել։ Վերջին պարբերության մեջ նշվում է՝ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի առավել կազմակերպված աշխատանքի իրականացումը և հիմնադրամի կարիքների ապահովմանն ուղղված աշխատանքների արդյունավետության բարձրացումը: Ահա թե ինչ կարևոր է 13 տարվա օգտագործված «Մերսեդեսը»՝ պետական հիմնարկների կազմակերպվածության և արդյունավետության տեսանկյունից։