Հովիկ Աբրահամյանը՝ հրաժարականների մասին
Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով երկրում ստեղծված քաղաքական ներկա իրավիճակին՝ ասաց. «Ես հետընտրական պրոցեսների մասին առաջարկություն արեցի լիագումար նիստի ժամանակ «Ժառանգության» խմբակցությանը, և իրենք արձագանքեցին, որ իրենք պատրաստ են հետընտրական պրոցեսները քննարկել Ազգային ժողովում, միացան նաև ՀՅԴ խմբակցությունը և նաև եղավ ցանկություն, իհարկե, իմ առաջարկից հետո, որ մյուս բոլոր խմբակցությունները նույնպես մասնակցեն, և իրենք բոլորն ընդունել են իմ առաջարկը: Հիմա մենք աշխատում ենք մի հայտարարության տեքստի վրա՝ ո՞նց ենք պատկերացնում այդ քննարկումը: Մենք պատկերացնում ենք՝ եթե ընդհանուր համաձայնության գանք, կազմակերպենք արտահերթ նիստ և քննարկենք հետընտրական պրոցեսները, և որի վերջում մենք կունենանք ընդունված հայտարարություն»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ երեկ արված հայտարարությանը, որով իշխանություններին զսպվածության կոչ է արվում, Հ. Աբրահամյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մոտեցումներն ու տեսակետները, և ինքը որևէ կերպ չի ցանկանում արձագանքել այդ հայտարարությանը: Նրա խոսքով՝ Հայաստանի 915 համայնքներում ՀՀԿ-ն պարտվել է 70 համայնքներում, որոնցից 19-ը քաղաքային համայնքներ են: «Եվ շատ է խոսվում այն հրաժարականների կամ պարտությունների մասին, եթե 915 համայնքից մենք պարտվել ենք 70-ում, դա շատ վատ ցուցանիշ չէ, և 58,6%-ով հաղթելը, իմ կարծիքով, դա շատ ցանկալի է և նաև ուրախալի է, և ես մեկ-մեկ համամիտ չեմ այն մարդկանց հետ, որ, եթե որևէ համայնքում մենք պարտվել ենք՝ կամ համայնքապետը կամ քաղաքապետը պետք է հրաժարական տա, դրան ընդհանրապես մեր կուսակցությունը դեմ է, որովհետև դա չի նշանակում, որ տվյալ համայնքի ղեկավարն է մեղավոր, որ մեր թեկնածուն պարտվել է: Դրանք ընդհանուր խնդիրներ են, որ մենք պետք է հետագայում քննարկենք: Ես դա համարում եմ, որ ոչ թե կուսակցության նախաձեռնությունն է եղել, որ, օրինակ, Շիրակի մարզպետը հրաժարական է ներկայացրել կամ Արմավիրի քաղաքապետը, դա բարոյական խնդիր եմ համարում»,- ասաց ԱԺ նախագահը: