Քաջարանի քաղաքապետը թեյ և սուրճ է առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն վերջինս հրաժարվել է
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այցը Սյունիք շարունակվում է. այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հասել է Քաջարանի քաղաքապետարան ու բարևում է աշխատակիցներին:
Րաֆֆի Հովհաննիսյանը բաց հանդիպում է խնդրեց քաղաքապետ Վարդան Գևորգյանի հետ: Քաղաքապետը թեյ և սուրճ է առաջարկեց, սակայն վերջինս հրաժարվեց առաջարկից:
Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապետի հետ զրույցում նշեց, որ ընտրությունները կեղծվել են: Քաղաքապետը հակադարձեց, որ Քաջարանում ընտրությունները չեն կեղծվել: Վարդան Գևորգյանը նաև ասաց, որ ինքը ընդունում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովր հրապարակած արդյունքները: Նա շնորհավորեց ՀՀ գործող և վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանին, ընտրություններում երկրորդ տեղը զբացեղրած Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս էլ հակադարձեց, որ Քաջարանում ժողովուրդը հաղթանակ է տարել: Րաֆֆի Հովհաննիսյանը բողոքեց, որ ըստ տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 45 տոկոս ընտրող, սակայն քաղաքի փողոցները դատարկ են: Քաղաքապետն էլ նշեց, որ Քաջարանում աշխատունակ բնակչության 80 տոկոսն աշխատանքով ապահովված է, և այժմ աշխատանքի է:
«Պարոն Խաչատրյանի մարզում, որը նրա սեփականությունը չէ , ոչ էլ իմ սեփականությունն է, ոչ էլ Ձերը, ժողովուրդը որոշել է լրիվ ուրիշ բան, լրիվ ուրիշ արդյունք է տվել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ պահանջելու է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը, քանի որ, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, վերջինս հակաիրավական վիճակ է ստեղծել. «Դա ոչ թե իմ, այլ Սյունիքի ժողովրդի մեծ մասի կարծիքն է»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ի վերջո չհամաձայնեց քաղաքապետի հետ և դուրս եկավ նրա աշխատանքային սենյակից: