Բաժիններ՝

Դասադուլի և դասի իրավունք. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Ինձ հարցնում են՝ ինչպես եմ ես վերաբերվում ուսանողների մի խմբի` դասադուլ անելու մտադրությանը, ես դարձլալ կփորձեմ ձևակերպել իմ վերաբերմունքը։

Եթե 10, 100 կամ 1000 ուսանողներ ցանկանում են մասնակցել քաղաքական կամ քաղաքացիական պրոցեսին, դա նորմալ է, դա նույնիսկ խրախուսելի է։ Նրանք դժգոհ են ընտրությունների՝ պաշտոնապես հայտարարված արդյունքներից, ուսման որակից, դասախոսների կաշառակերություններից, ցածր մտավոր մակարդակից, նրանց հետամնացությունից, տգիտությունից՝ իրենց իրավունքն է բողոքել դրա դեմ, խաղաղ ցույցեր կազմակերպել օրենքով նախատեսված ցանկացած վայրում։ Եթե նրանք ցանկանում են դա անել դասի ժամանակ, ապա դարձյալ խնդիր չպիտի լինի, մեզ մոտ կրեդիտային համակարգ է (կամ, համենայնդեպս, պիտի լինի), պարտադիր չէ՝ նստես դասերին, հանձնեցիր՝ կստանաս, չհանձնեցիր` հաջողություն։

Այն ռեկտորներն ու դեկանները, որոնք դեմ գնալով օրենքին ու բանականությանը՝ փորձում են երիտասարդների այդ գործունեությանը խոչընդոտել, ուսանողներին կողպել բուհերում և այլն՝ պատճառաբանելով, որ բուհերում քաղաքական գործունեությունը արգելված է, թող այդ խնդիրներով մտահոգվեն այն ժամանակ, երբ իրենց «վերևից» հրահանգում են իշխանության միջոցառումներին «գլխաքանակ» ապահովել, ինչը նրանք իրականացնում են «փողկապավոր» ՀՀԿ-ական «կոմսոմոլների»՝ այսպես կոչված, ուսխորհուրդների միջոցով։

Բայց եթե չի կարելի մարդկանց կամքի վրա բռնանալ՝ ստիպելով նրանց գնալ իշխանության միջոցառումներին, ապա չի կարելի բոլոր ուսանողների վզին փաթաթել նաև ընդդիմադիր գործունեությունը։

Ենթադրենք, ուսանողների X խումբը ցանկանում է կազմակերպել հանրահավաք կամ երթ։ Շատ լավ է՝ կանաչ ճանապարհ։ Սակայն այդ խումբն իրավունք չունի շանտաժելու ուսանողների Y խմբին, որը ցանկանում է մասնակցել դասերին, թե՝ դուք, մնացողներդ, ծախված եք իշխանություններին, չեք ուզում պայքարել արդար Հայաստանի համար և կողմ եք ընտրությունները կեղծելուն։ Բացի նրանից, որ նման շանտաժից բոլշևիզմի հոտ է գալիս, դա կարող է առաջացնել հակաոակ ռեակցիան և լարել երիտասարդներին իրար դեմ։

Ոչ ոք չի ապացուցել, որ այն ուսանողը, որը հանրահավաքի է գնում դասերից հետո, ավելի վատ քաղաքացի է, քան նրանք, ովքեր գնում են դասերի հաշվին։ Կամ նա, ով բարձր է գոռում հանրահավաքի ժամանակ, ավելի հուժկու է պայքարում արդարության համար, քան նա, ով լուռ է կանգնած։

Մի խոսքով՝ մարդկանց պետք է տրվի հանգիստ ընտրելու իրավունք՝ առանց բարոյական ճնշում գործադրելու։ Սովորաբար այդ ճնշումը բացատրվում է նրանով, որ «մենք պետք է պայքարենք միասնաբար», «ով հայ ժողովուրդ…» և այլն։ Այդ ամենն, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց, որպես կանոն, «միասնաբարը» առօրյա լեզվով նշանակում է՝ «իմ ուզածով»։ Միասնական են միայն Սահմանադրությունն ու Օրենքը։ Սնացածը կարող են տարբեր լինել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս