Բաժիններ՝

Հիշելով Ռուբենիչին. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Մեզ մոտ իրավաբանների պակաս, կարծես թե, չկա: Այդ մասնագիտության մարդիկ կան նաև Ազգային ժողովում: Իրավաբան է հանրապետական Հովհաննես Սահակյանը, որն, ըստ էության, ասում է, թե իշխանությունները մեծ լավություն են անում խաղաղ ցուցարարներին՝ բիրտ (կամ կոշտ) ուժ նրանց դեմ չկիրառելով:

Իրավաբան է նաև Զարուհի Փոստանջյանը, որը շնորհավորում է բոլորիս Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ ինչպե՞ս, ո՞ր փաստաթղթի հիման վրա:

Իսկ ես մտածում եմ, որ երկու կողմերն էլ կշահեին, եթե ունենային Վլադիմիր Նազարյանի (Ռուբենիչի) մակարդակի պետական իրավունքի մասնագետ, որը ոչ միայն կբացատրեր սահմանադրական նորմերը, այլև գուցե կհուշեր, թե ինչպիսի ելքեր են հնարավոր ստեղծված իրավիճակից:

Բնականաբար, իմ դատողություններն այս խնդիրների շուրջը կլինեն սիրողական: Բայց ինձ նախ թվում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն, իմանալով մեր իշխանության «հակումները», պետք է ունենար 1988 վստահելի վստահված անձ բոլոր տեղամասերում, և այդ վստահված անձինք հնարավորություն կունենային ոչ միայն հետևելու ընտրությունների ընթացքին, այլև վերահաշվարկ պահանջելու, ու նույնիսկ մերժում ստանալու դեպքում կուժեղացնեին իրենց թեկնածուի իրավական դիրքերը:

Նույն նպատակներով ՀԱԿ-ը և Դաշնակցությունը նույնպես պետք է բոլոր տեղամասերում ունենային հանձնաժողովի վստահելի անդամներ: Հիմա կարծես թե իրավական որոշակի գործընթացներից ընդդիմությունը ուշացել է:

Երկրորդ՝ համաձայն եմ նրանց հետ, ովքեր պնդում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է դիմի Սահմանադրական դատարան և ներկայացնի ընտրակեղծիքների բոլոր հավաքած փաստերը: Ի դեպ, դրանք, իմ տպավորությամբ, ավելի քիչ են, քան 2008-ին Տեր-Պետրոսյանի՝ ՍԴ ներկայացրածները, և ըստ երևույթին պատահական չէ, որ դրանից առաջ՝ մարտի 1-ին, իշխանությունը հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա, և այն դատավարությունը տեղի էր ունենում արտակարգ իրավիճակի, այդ թվում՝ լրատվամիջոցների վրա դրված խիստ գրաքննության պայմաններում:

Երրորդ՝ որքան ես հասկանում եմ, Հայաստանը կիսանախագահական հանրապետություն է, և նախագահի լիազորությունները մեր երկրում բավականին սահմանափակ են: Այսինքն՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, ապա նա կամ պետք է աշխատի հանրապետական մեծամասնության հետ, կամ, որը ավելի հավանական է՝ «ժառանգական» դարձած «առնետների» հետ: Կամ էլ՝ ցրի խորհրդարանը: Հետևաբար, գուցե արժե՞ մտածել այդ ուղղությամբ:

Եթե Ռուբենիչը լիներ, գուցե ավելի հետաքրքիր բան առաջարկեր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս