Բաժիններ՝

Չաղտոտեք մեր քաղաքը՝ ձեր կեղտոտ անվադողերով

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է շարունակել վերահսկողությունը շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումն ապահովելու, ինչպես նաև բետոնախառնիչ ու հարակից մարզերից Երևան մտնող մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու աշխատանքների ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը։

Իրականում՝ ցանկությունը բարի է. ո՞մ կարող է դուր գալ ցեխոտ անվադողերի հետքը մայրաքաղաքի մաքուր ասֆալտի վրա։ Դժվարը, սակայն, հանձնարարականի կատարումն ապահովելն է։ Մի պահ պատկերացրեցինք քաղաքապետի այս հանձնարարականի իրականացման գործընթացը: Քաղաքապետարանի աշխատակիցները շուրջօրյա հերթապահում են Երևան մտնող բոլոր ճանապարհների և շինհրապարակների մուտքերի մոտ՝ ջրի ռետինե խողովակները ձեռքերին, որոնց միջոցով մաքրում են ցեխոտ անվադողերով բոլոր բեռնատար մեքենաները, ինչից հետո թողնում են մտնել Երևան: Չի բացառվում, որ լինեն այլ՝ ավելի արդյունավետ մեխանիզմներ։

Ինչևէ, ավելացնենք, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր։ Մասնավորապես, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող ընդունելության օրերին բնակիչների կողմից բարձրացվող հարցերի, առաջարկությունների ու խնդիրներին տրվող պատասխանների և լուծումների վերաբերյալ դիտարկում անցկացնել:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում  հայտնաբերվել և արձանագրվել է ծխելու 21, չթույլատրված վայրերում ավտոմեքենաների կայանման 18 դեպք:  Անցկացվել է նաև 3 ավտոբուսային երթուղիների մրցույթ: Զեկուցվել է նաև, որ միկրոավտոբուսային համար 44 և 100 երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսները մինչև այս շաբաթավերջ կփոխարինվեն թվով 36 ավտոբուսներով, ընդ որում միկրոավտոբուսային 44 երթուղին կշարունակի գործել որպես 44 համարի ավտոբուսային, իսկ համար 100 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի որպես 47 համարի ավտոբուսային երթուղի:
Մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների հետ կապված բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներն ավարտված են: Այդ նպատակով մայրաքաղաքային տնկարանում առաջին փուլով աճեցվում են ավելի քան կես միլիոն ծաղկասածիլներ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ապօրինի ծառահատման հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ, ընդգծելով, որ <<Վարչական իրավախախտումների մասին>> ՀՀ օրենսդրության մեջ կատարված վերջին փոփոխությունների համաձայն՝ համայնքային իշխանություններին տրվել են լիազորություններ կանաչ տարածքները վնասելու և ոչնչացնելու դեպքում կիրառել վարչական խիստ տույժեր: Քաղաքապետը նաև վերահաստատել է, որ կանաչ տարածքների ու ծառերի հաշվին մայրաքաղաքում շինարարական որևէ թույլտվություն չի տրամադրվելու:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս