«Հարսնաքարի» գործով մեղադրյալները դեռ պատրաստ չեն ցուցմունքներ տալ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Հարսնաքարի» գործով դատական նիստը: Նիստի ընթացքում շարունակվեց դատական փորձագետ Գևորգ Գաֆարյանի հարցաքննությունը: Վերջինս նշեց, որ տուժած Վահե Ավետյանը գանգային բրոնխաթոքաբորբով հիվանդ է եղել: Մեղադրյալ Դավիթ Ադամյանի հարցին՝ արդյոք այդ հիվանդությունը ազդեցություն չէ՞ր թողել Վահե Ավետյանի օրգանիզմի վրա, փորձագետ Գաֆարյանը պատասխանեց, որ այդ հիվանդությունը մահվան պատճառի հետ կապի մեջ չի գտնվում. «Բայց բնական է, որ ցանկացած հիվանդություն ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա»:

Փորձագետ Գաֆարյանը նշեց, որ հիվանդության պատմագրում առկա են որոշակի վնասվածքներ, որոնք  դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում իր կողմից չեն հայտնաբերվել: Այդ վնասվածքները դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդը, ձախ ճակատային շրջանում քերծված վերքն են: Փորձագետը նշեց, որ հնարավոր է՝ դրանք մինչև դիակի փորձաքննությունն արդեն ապաքինված լինեին. բռնարարքից մինչև դիակի փորձաքննությունն անցել էր 12 օր:

Փորձագետի հարցաքննության ավարտին գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ դատաբժշկական եզրակացության հետևությունների  հատվածը, հատկապես՝ այն վնասվածքների մասը, որոնք առաջացրել են գանգուղեղային տրավմա, ենթադրական բնույթ է կրում. «Մենք դեռևս հստակ չենք պարզել՝ այդ միասնական դիտավորություն հասկացությունը գոյություն ունեցե՞լ է, թե՞ ոչ: Եթե պարզվի, որ երկու տարբեր անձինք, երկու պատճառներով, իրարից առանձին, մեկական հարված են հասցրել, մենք չենք կարողանում պարզել, թե յուրաքանչյուրին որ մեկի հարվածի հետևանքով է այդ գանգուղեղային տրավման առաջացել, բնականաբար, իրավունքի տեսանկյունից չենք կարող որևէ անձի վրա այդ մասով  պատասխանատվություն դնել»:  Մեղադրող Արթուր Դավթյանը նշեց, որ անորոշության խնդիր չկա. փորձագետը, ըստ նրա, հստակ ասել էր, որ գլխի, դեմքի շրջանում հայտնաբերված բոլոր վնասվածքները պատճառական կապի մեջ են գտնվում գլխուղեղի վնասվածքի հետ, որն էլ մահվան պատճառն է:

Փորձագետի հարցաքննության ավարտից հետո դատարանը պետք է անցներ գործով մեղադրյալների հարցաքննությանը. մեղադրյալներից ոչ մեկը չցանկացավ այդ պահին ցուցմունք տալ՝ նշելով, որ դեռ պատրաստ չեն դրան: Գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման հաջորդականությունը. նախ՝ հրապարակել փաստաթղթերը, և նոր՝ անդրադառնալ ամբաստանյալների հարցաքննությանը:  Դատավոր Դավիթ Հարությունյանը մերժեց միջնորդությունը՝ առաջարկելով մեղադրյալներին հաջորդ նիստին պատրաստվել հարցաքննությանը: Եթե ամբաստանյալները  պատրաստ չլինեն ցուցմունքներ տալու, հնարավոր է, որ դատարանը կքննարկի ապացույցների հետազոտման կարգը փոխելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս