
«Կարող է հոգնած էի, բայց ոչ տխուր». Ր.Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանի հարցի մասին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի և իր հանդիպմանը ու մասնավորապես հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից հնչեցրած հարցմանը, թե «Մի տեսակ տխո՞ւր ես, Րաֆֆի», ասաց. «Կարող է հոգնած էի, բայց ոչ տխուր: Ինձ չեմ կարող կեղծել: Հիմա էլ եմ հոգնածություն զգում: Տխուր չեմ՝ ուժեղ եմ, լիազորված եմ, իրավատեր եմ: Երևի մեկն իրեն հուշել էր ասել, թե տխուր ես: Իսկ ես առանց հուշելու պատասխանել եմ»:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին իր աշխատասենյակում ընդունել էր «Մի տեսակ տխուր ես, Րաֆֆի» արտահայտությամբ։
Հարցին, թե Մարտի 1-ի չկրկնման համար ի՞նչ եք պատրաստվում անել, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Դիպաշարը չի կրկնվի: Ես ասել եմ, որ կյանքիս գնով թույլ չեմ տալու, որ մի կաթիլ արյուն թափվի: Սա ակնարկ չէ որևէ մի թեկնածուի: Թող իշխանությունները, արդեն նախկին նախագահը, չշփոթի անհետևողականության հետ: Բոլորն էլ գիտեն, թե ի՞նչ տեսակ ընտրություններ եղան, ինչպե՞ս իրենք «խփեցին» այդ թիվը, որոնք այսօր պաշտոնապես հայտարարեցին»:
Ինչ վերաբերում է ուսանողների կողմից այսօր իրականացրած դասադուլին, որին միացել էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Այսօր ուսանողներն առանց իմ զանգի, ինձնից անտեղյակ, արեցին նախաձեռնություն, ինչը ողջունում եմ: Ես կողմ եմ կրթությանը, բայց նաև զորավիգ եմ, որ մեր ուսանողները դառնում են բաժնետեր այս ակցիային: Դա իրենց որոշելիքն է, ես նախընտրում եմ որ դասադուլ չլինի, բայց զորավիգ եմ ցանկացած ազատ որոշման: Միայն թե հացադուլ չլինի»: