Բաժիններ՝

Ճապոնական նորաբաց ռեստորանում մատուցողների դերում հանդես են գալիս կապիկները

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տոկիոյում բացվել է «Կայաբուկի» ռեստորանը, որը հաճախոդներ է գրավում ոչ թե իր ընտիր ճաշացուցակով ու համեղ ճաշատեսակներով, այլ՝ անձնակազմով: Ռեստորանում մատուցում են սակե (ճապոնական ազգային ալկոհոլային խմիչք) և ճապոնական ավանդական ճաշատեսակներ, այստեղ հյուրերին սպասարկում են անսովոր մատուցողները:

Խոսքը գնում է կապիկների զույգի մասին: 16-ամյա Յատ-չանը և երիտասարդ Ֆուկու-չանն աշխատում են մյուս մատուցողների հետ միասին: Նրանք տանում են խմիչքներ և հյուրերին տալիս են սրբիչներ՝ ճաշելուց առաջ լվացած ձեռքերը չորացնելու համար: Իրենց տեսքով հյուրերին չշփոթեցնելու համար կապիկները կրում են դիմակներ, կեղծամներ և համազգեստ:

Ռեստորանի սեփականատեր Կաորու Օցուկան պատմել է, որ կապիկներին՝ որպես մատուցող, օգտագործելու գաղափարն իր մոտ առաջացել է այն բանից հետո, ինչ իր սիրելի Յատ-չանը սկսել է կրկնօրինակել իր գործողությունները՝ խմիչքներ բերել և սրբիչներ տալ հյուրերին:

Հաճախորդների խոսքերով՝ կապիկները հասկանում են մարդկային խոսքը և բերում են հենց իրենց պատվիրած խմիչքները: Կենդանիների իրավունքների օրենքի համաձայն, կապիկները չեն կարող օրական աշխատել երկու ժամից ավելի: Դրա համար էլ Օցուկան պլանավորել է աշխատանքի վերցնել ևս 2-3 կապիկի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս