
Ր.Հովհաննիսյան. Ես 2018-ին չեմ առաջադրվի

Ի տխրություն իմ ընտանիքի, «Ժառանգություն» կուսակցության ընկերների, ես բացառում եմ առաջադրվելը 2018 թվականին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս իր հայտարարությունը հիմնավորեց այսպես. «Ես արդեն ընտրվել եմ ՀՀ նախագահ և 2018 թվականին պետք է փոխանցեմ իշխանությունը մի երիտասարդի կամ գուցե երիտասարդ մի կնոջ: Բայց 2018-ին ես արդեն չեմ լինելու»:
Ինչ վերաբերում է քիչ առաջ ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշմանը՝ մերժել թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը անվավեր ճանաչելու նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, թե վերոգրյալ որոշումից հետո «Սերժ Սարգսյանին մնում է ինքնաբացարկ հայտարարել»:
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, բացառվում է, որ ինքն ընդունի ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները: