Հայտնի է դարձել Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի երկրորդ հանդիպման անցկացման վայրը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ իր երկրորդ հանդիպումը տեղի է ունենալու մարտի 1-ին, Պրահայում:
Աբաշիձեն հավելել է, որ երկրորդ հանդիպման ընթացքում իրենք քննարկելու են առևտրային, տրանսպորտային, ինչպես նաև հումանիտար ու մշակութային հարցեր: Ավելի վաղ Աբաշիձեն հայտարարել է, որ որոշվել է երկրորդ հանդիպումը չանցկացնել Ժնևում, քանի որ որոշվել է չթուլացնել Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության վերաբերյալ անցկացվող Ժնևյան բանակցությունների ձևաչափը:
Հիշեցնենք, որ Աբաշիձեի ու Կարասինի միջև առաջին հանդիպումն անցկացվել է 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևում: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին հանդիպել երկու ամիսը մեկ անգամ: