Բաժիններ՝

Վաղը Ճորոխ գետի վրա կսկսվի Թուրքիայի ամենաբարձր ամբարտակի կառուցումը

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ վաղը Արտվին նահանգի Յուսուֆելի շրջանում մեկնարկելու են Ճորոխ գետի վրա Յուսուֆելի ամբարտակի ու հիդրոէլեկտրակայանի կառուցման աշխատանքները: Այդ արարողակարգին մասնակցելու է Թուրքիայի Անտառտնտեսության ու ջրային գործերի նախարար Վեյսել Էրօղլուն:

Նշվում է, որ այդ ջրամբարում կամբարվի մոտ 2.2 միլիարդ խորանարդ մետր, ինչը հավասարազոր է Անկարայում 6 տարում սպառված ջրի քանակին: Պլանավորված է, որ տեղի հիդրոէլեկտրակայանը տարեկան կարտադրի 1817 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Ամբարտակի բարձրությունը կազմելու է 270 մետր, ինչն աննախադեպ կլինի Թուրքիայի համար: Նշվում է, որ ամբարտակի ու հիդրոէլեկտրակայանի կառուցումը սպասելի է եղել դեռ 40 տարի առաջ:

Հիշեցնենք, որ ցայժմ Թուրքիայի ամենամեծ ամբարտակը նույն Ճորոխ գետի վրա գտնվող Դերիներ ամբարտակն է՝ 249 մետր: Այդ ցուցանիշով այն աշխարհում զբաղեցնում է 6-րդ տեղը:

Ի դեպ, 2011 թվականի ապրիլի սկզբին Վրաստանի Կանաչների կուսակցության ղեկավար Գիորգի Գաչեչիլաձեն հայտարարել էր, թե Վրաստանը տարածքներ է կորցնում Սև ծովի ափամերձ հատվածում. «Տարածքային կորուստների պատճառը ծովի փոփոխություններն են, ինչը, սակայն, պայմանավորված է ոչ թե բնական պատճառներով, այլ մարդկային միջամտության գործոնով։ Սև ծովի ափամերձ հատվածում տագնապահարույց իրավիճակ է առաջացել:

Երբ թուրքերն ամբարտակներ կառուցեցին Ճորոխ գետի վրա, մեր ափամերձ հատվածը սկսեց կորցնել իր հիմնական նյութը` ավազն ու քարը: Դրանք այստեղ էին հասցվում Ճորոխ գետի միջոցով, որը Վրաստանի տարածքում թափվում է Սև ծով:

Մինչդեռ այժմ գետի վրա կառուցված ամբարտակների պատճառով դրանք մնում են Թուրքիայում, իսկ ահա, ասենք, Բաթումում ծովն առավել է խրվում ափի մեջ: Այս ամենի մեղավորը թուրքերն ու նրանց ամբարտակներն են: Օրինակ՝ Փոթիում ծովն արդեն առաջ է շարժվել 1 կիլոմետրով, ինչի հետևանքով այնտեղ ջրի տակ են հայտնվել մի շարք շինություններ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս