10 տարում Թուրքիայի զինված ուժերում ինքնասպանություն է գործել 965 զինծառայող
CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է հրապարակել վերջին 10 տարում երկրի զինված ուժերում գրանցված զոհերի ու ինքնասպանությունների քանակի մասին:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ համապատասխան հարցմամբ նրան դիմել է քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավոր Ալթան Թանը:
Յըլմազի ներկայացրած տվյալների համաձայն, 01.01.2002-31.12.2012-ն ընկած ժամանակահատվածում զինված բախումների, դարանների, հարձակումների հետևանքով զոհվել է 601 զինծառայող: Հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայի զինված ուժերում գրանցվել է նաև 965 ինքնասպանության դեպք:
Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 11-ին Իսմեթ Յըլմազը տվյալներ էր ներկայացրել PKK-ի դեմ պայքարում Թուրքիայի զինված ուժերի կրած կորուստների մասին:
Դրանց համաձայն` 2012 թվականի հունիսի 8-ի դրությամբ PKK-ի դեմ պայքարում զոհվել է 6169 և վիրավորվել 4008 զինծառայող: Յըլմազի խոսքերով՝ զոհված զինծառայողներից 411-ը սպաներ են, 375-ը՝ ենթասպաներ, 585-ը՝ սերժանտներ, 4798-ը՝ շարքայիններ, ընդհանուր՝ 6169:
Վիրավոր զինծառայողների պարագայում պատկերը հետևյալն է՝ 256 սպա, 263 ենթասպա, 401 սերժանտ, 3088 շարքային, ընդհանուր՝ 4008 զինծառայող: