ՏՀՏ ոլորտի լիդերները քննարկում են տեխնոլոգիական և նորարարական ոլորտների հետագա զարգացման ուղիները

Աղվերանի «Արթուրս» հյուրանոցային համալիրում այսօր` փետրվարի 23-ին, մեկնարկել է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը, որին մասնակցում են ՏՀՏ ոլորտի ընկերությունների, պետական այլ մարմինների  շուրջ 30 ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Ֆորումի օրակարգում ներառված են հետևյալ թեմաները` ՏՏ զարգացման հայեցակարգում անհրաժեշտ փոփոխությունների քննարկում, Էլեկտրոնային առևտրի զարգացման կարևորությունը` որպես տնտեսության զարգացման խթան, Նորարարական ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը և ՏՏ զարգացման հայեցակարգի կատարողականը:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը ֆորումի ժամանակ իր բացման խոսքում ասաց, որ եկել է ժամանակը՝ քննարկելու և գնահատելու կատարված աշխատանքը, ինչպես նաև՝ քննարկելու, թե ինչ նպատակներ ունեն առաջիկայում:

«Մենք այժմ ունենք նոր ստեղծված մի իրավիճակ, երբ ՏՏ ոլորտի ռազմավարությունը, որը ստեղծվել էր 2008թ.-ին, ասես միջանկյալ ժամանակահատվածում է գտնվում, ուստի կարևոր է այս ֆորումը` հասկանալու համար, թե ինչ նվաճումներ և ինչ խնդիրներ ունենք»,- ասաց Հ. Ավոյանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի խոսքով` նախարարության համար կարևոր է հասկանալ ոչ միայն տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի ձեռնարկությունների խնդիրները, այլ նաև տեխնոլոգիական և նորարարական ոլորտների մասնավոր ընկերություններից յուրաքանչյուրի խնդիրները` ոլորտի հետագա զարգացման և պետական աջակցության ցուցաբերման համար:

Ֆորումի քննարկման մանրամասները 168.am-ը կներկայացնի առաջիկայում:

Տեղեկացնենք, որ «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը կազմակերպվում է 2007թ.-ից: Միջոցառման նպատակն է՝ մեկ վայրում հավաքել մասնավոր և պետական հատվածների ներկայացուցիչներին և ոչ ֆորմալ մթնոլորտում քննարկել ՏՀՏ ոլորտին առնչվող առաջնային խնդիրները:

Տեսանյութեր

Լրահոս