Սպիտակի Արջահովիտ գյուղ
Սպիտակի տարածաշրջանի Արջահովիտ, նախկին Ղուրսալի համայնքում հրատապ լուծում պահանջող մի քանի խնդիրներ կան միայն, որոնց կարգավորումը, սակայն, վերջիններիս զարգացման և առաջընթացի երաշխիքներից է:
Այս պահին գյուղից արտագաղթ չկա, բնակիչները հողագործությամբ ու անասնապահությամբ կարողանում են հայթայթել իրենց ապրուստի միջոցն ու չլքել գյուղը:
Մինչև 1988 թվականը Արջահովիտը բնակեցված էր ադրբեջանցիներով: Երկրաշարժից հետո միայն դարձավ հայաբնակ` Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթած հայերով: Մի մասը, սակայն, չկարողացավ հարմարվել գյուղի ապրելակերպին ու տեղափոխվեց արտերկիր:
Վլադիկ Բայադյանն այդ ժամանակ համայնքի ղեկավարն էր, նրա օրոք է գյուղը հայաբնակ դարձել: Այդ ժամանակից սկսած՝ ցանկացել են Ղուրսալի անունը փոխել հայկականի, դիմել են համապատասխան մարմիններին, բայց վերափոխել այդպես էլ չի ստացվել: Այսօր թեև Արջահովիտ է, սակայն՝ ոչ պաշտոնապես: Սա 534 բնակիչ ունեցող այս գյուղի միակ խնդիրը չէ:
Խնդիրներից մեկի մասին պատմում է համայնքի ղեկավար Նվեր Մինասյանը. «Առաջնահերթ խմելու ջրի խնդիր ունենք, կարելի է ասել՝ 70 թվականի խողովակներ են, որոնք արդեն քայքայվել են: Դիմել ենք մարզպետին, նրա օգնությամբ մտցրել ենք ծրագիր: 2013 թվականին 3 կմ ջրագիծ կվերանորոգվի ու շուրջօրյա ջրամատարակարում կունենա:
Վլադիկ Բայադյանն էլ գյուղում ամենակարևոր խնդիրը բնակարանների հարցն է համարում: «Մարդիկ ունենք, որ դեռ դոմիկներում են ապրում, փայտաշեն տնակներում են ապրում, հատկապես էս գյուղին պետական բյուջեից ոչ մի անգամ գումար չհատկացրեցին, որ էս գյուղում մի բնակարան շինեն կամ մի ինչ-որ կուլտուրական օջախ շինեն: Էս էլ, որ կա, շինվել ա էստոնացիների կողմից, որ եկան մեր գյուղում բնակարան կառուցեցին՝ նրանց շնորհիվ ա: Դպրոցի շենք էլ շինվեց»:
Ղուրսալի համայնքի դպրոցի նոր շենքը կառուցվել է 2003 թ. պետական բյուջեի միջոցներով: Շենքի մեկ սենյակում գործում է նաև բուժկետ: Գյուղապետարանը և գրադարանը մինչ վերջերս տեղավորված էին դպրոցի նախկին ժամանակավոր շինությունում: 2012 թվականին Նվեր Մինասյանը համայնքապետարան ունենալու հարցը ներկայացրեց մարզպետ Արթուր Նալբանդյանին: Պատասխանը շատ չուշացավ: Լոռու զարգացման ծրագրի շնորհիվ՝ այս տարվա մայիսին արդեն կունենան մեկ հարկանի, հարմարավետ պայմաններով կենտրոն: Այստեղ կգործի նաև փոստ, գրադարան: Եվ քանի որ գյուղը չունի մշակույթի կենտրոն, կունենա նաև ակումբ, որը երիտասարդների համար կծառայի որպես ժամանցի կենտրոն:
Միջհամայնքային ճանապարհները 2007 թվականին են ասֆալտապատվել, իսկ համայնքի ներսի ճանապարհները մի քիչ լավ չեն, բայց համայնքը բարեկարգվում է: Թեև 2 տարի չենք բարեկարգել, և մի քիչ վատթարացավ վիճակը, հիմա սպասում ենք եղանակների տաքանալուն. ֆոնդային բյուջեով ունենք նախատեսած գումար: 950.000 դրամ ավագանին նախատեսել է համայնքի ճամնապարհները բարեկարգելու նպատակով:
Այլ խնդիրներ Ղուրսալիում այսօր չկան: Թեև երաշտ տարի էր, սակայն համեմատած Սպիտակի տարածաշրջանի այլ համայնքների հետ՝ բնակիչները և՛ բերք են ունեցել, և՛ խոտ: Համայնքապետի խոսքով, բնակիչներից շատերը կարողացել են խոտ վաճառելով անգամ անասուն գնել: «Գյուղացին, որ գյուղում պիտի ապրի ու անասուն չպահի, էլ ինչի՞ է ապրում»,- ասում է Վլադիկ պապն ու հավելում` գյուղացիները կպած են իրենց հող ու ջրին, ուզում են անպայման գյուղում աշխատեն, արտադրանք տան: Այդպես կունենան ոչ միայն աշխատանք ու կպահեն իրենց, այլև կսպասարկեն քաղաքի բնակիչներին: