Ստեփանավանի նախկին քաղաքապետ Քոթոն իմացել է գազի կանոնների խախտման մասին, ինչի պատճառով 4 երիտասարդներ ողբերգության զոհ դարձան (տեսանյութ)
Երեկ՝ փետրվարի 21-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սերգեյ Սերոբյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր.-ի 240 հոդվածի 2-րդ մասի (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Այն նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է Լոռու մարզում գրանցված «Օշին» ՍՊԸ ընկերության հաշվեկշռում գրանցված «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրում փետրվարի 21-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով:
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ՝ ժամը 10:00-ի սահմաններում, Լոռու մարզի Ամրակից գյուղում «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգել էին, որ հյուրանոցի սենյակներից մեկում մահացած անձինք կան:
Հաշվի առնելով դեպքի հնչեղությունը՝ նշված վայր էր ժամանել անձամբ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:
Օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել էր Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ 30-ամյա Գրիշա Զալինյանի, Վարդաբլուր գյուղի բնակիչ 32-ամյա Սարգիս Ղուկասյանի, Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էլմիրա Ստեփանյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա Արմինե Ռևազյանի դիերը:
Այսօր՝փետրվարի 22-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնի դիահերձարանում դիակների դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ մահացածների վրա բռնության հետքեր չկան, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահվան պատճառը եղել է մոնոքսիդ տեսակի թունավորումից, այսինքն՝ պատճառը եղել է գազի վառարանի ոչ ճիշտ օգտագործումը:
Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանի ցուցումով՝ ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրեն, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ 62-ամյա Սամվել Թորոսյանը, ավագ քննիչ Ս. Սերոբյանի որոշմամբ, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Տաշիրի բաժնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վաղը՝ փետրվարի 23-ին, քննչական մարմինը դիմելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Ս. Թորոսյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրվի երկամսա կալանքը:
Նշված ռեստորանահյուրանոցային համալիրը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ՝ Քոթո մականվամբ, Սարգիս Ղարաքեշիշյանին, ով տարիներ առաջ նույն ռեստորանահյուրանոցային համալիրում վիճաբանություն էր կատարել մի խումբ անձանց հետ և իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով եղել են վիրավորներ, և նախկինում էլ նշված օբյեկտում եղել են մահով ավարտված ողբերգական դեպքեր:
Ստեփանավանցիները ֆոտոլրագրողին պատմել են նաև, որ գազախողովակի կանոնների խախտման մասին տեղյակ է եղել Սարգիս Ղարաքեշիշյանը, ով արդեն փորձում է ինչ-որ մարդկանց միջոցով ազդել քննչական մարմնի վրա, որպեսզի ձերբակալված տնօրենը քննչական մարմնին չներկայացնի իրականությունը: