Հերթական ողբերգական դեպքը Լոռու մարզի «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրում. 4 հոգի մահացել է

Երեկ՝ փետրվարի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» ռեստորանահյուրանոցային համալիրից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ հյուրանոցի սենյակներից մեկում մահացած անձինք կան: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ խումբը, մարզի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի խումբը, բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:

Օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է Լոռու մարզի Գյառգառ գյուղի բնակիչ 30-ամյա Գրիշա Զալինյանի, Վարդաբլուր գյուղի բնակիչ 32-ամյա Սարգիս Ղուկասյանի, Ստեփանավան քաղաքի բնակիչ 22-ամյա Էլմիրա Ստեփանյանի և Վանաձոր քաղաքի բնակիչ 42-ամյա Արմինե Ռևազյանի դիերը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մահացածների վրա բռնության հետքեր չկան, և մահվան պատճառը եղել մոլոքսիդ տեսակի թունավորումից, այսինքն՝ քաղաքացիների մահվան պատճառը եղել է գազի վառարանի ոչ ճիշտ օգտագործումը:

Երեկ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչ Սերգեյ Սերոբյանի որոշմամբ, ռեստորանային համալիրի տնօրեն, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 62-ամյա Սամվել Թորսոյանը ձերբակալվել է:

Նշված ռեստորանահյուրանոցային համալիրը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին, ում եղբայրը ներկայիս Ստեփանավանի քաղաքապետն է:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սա առաջին դեպքը չէ, երբ նշված հյուրանոցառեստորանային համալիրում տեղի են ունեցել նման ողբերգական դեպքեր:

Տեսանյութեր

Լրահոս