Նիկոլ Փաշինյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր աշխատասենյակում ընդունել է Սերժ Սարգսյանին»
Քիչ առաջ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքին ելույթ է ունեցել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա դիմելով հանրահավաքի մասնակիցների՝ նշեց, որ այսօր մարդկանց ամենաշատը հետաքրքրում է մեկ հարց, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում: «Փետրվարի 18-ին նախագահական քվեարկությունից հետո Հայաստանի հանրապետությունում հասատված է քաղաքական բացարձակապես նոր իրավիճակ: Այս իրավիճակի առանձնահատկությունները բխում են դեռևս ընտրություններին նախորդած շրջանից»,- ասաց Ն. Փաշինյանը, ում խոսքով` 2013թ. փետրվարի 13-ին ժողովուրդն ինքնակազմակերպվեց` ոսրպես քաղաքական պայքարի երկրորդ և հիմնական բևեռ: Նրա ասելով` ՀՀ-ում քաղաքական պայքարի բևեռները երկուսն են` 2008թ. մարտի 1-ին իշխանությունը բռնաթազված ուժերը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ և փետրվարի 18-ին ժողովրդի քվեն ստացած և հաղթած Ր. Հովհաննիսյանը: «Ինչպիսի՞ հարաբերակցությամբ կա այս երկու բևեռների միջև: Յուրաքանչյուր բևեռ այսօրվա իրավիճակում ունի և’ հաղթանակ, և հաջողություն, և անհաջողութուն: Սերժ Սարգսյանի հաջողությունն այն է, որ նա դեռևս շարունակում է մնալ իշխանության գլուխ , ամենամեծ անհաջողությունն այն էր, որ նա երբեք չի ստանա իր ցանկալի լեգտիմությունը»,- ասաց Ն. Փաշինյանը, ում խոսքով` ժողովուրդը հաջողություն ունեցավ և կարողացավ Ր. Հովհաննիսյանին` դե ֆակտո ընտրել ՀՀ նախագահ, ինչը, ըստ Ն. Փաշինյանի, դե յուրե չի հաջողվել արձանագրել: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` ՀՀ նախագահ պետք է հռչակված լինի Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ երեկ նա իր աշխատասենյակում ընդունել է Սերժ Սարգսյանին»,- նշեց ՀԱկ պատգամավորը: Նա հրապարակում հավաքվածներին կոչ արեց` Ր.Հովհաննիսյանին դե յուրե նախագահ հռչակելու համար պետք է նրա գլխավորած հարթակը լինի ծայրահեղ բաց, ազնիվ և անկեղծ: «Սերժ Սարգսյանը պետք է ոչ մի հանգիստ գիշեր չանցկացնի այսօրվանից սկսած»,- ավելացրեց Ն. Փաշինյանը, ում խոսքով` Ս. Սարգսյանն այլևս չպետք է տեղ ունենա ժողովրդի մտքում, գիտակցության մեջ և պետք է մոռանալ նրան: «Օր ու արև չպետք է տալ Սերժ Սարգսյանին»,- քաղաքացիներին կոչ արեց ՀԱԿ պատգամավորը` հավելելով` « Հաղթանակ և ուրիշ ոչինչ»:
Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այս հղումով։