Անգելա Մերկելը փետրվարի 24-ին ժամանում է Թուրքիա
Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 24-ին ժամանելու է Թուրքիա: Մերկելն անմիջապես մեկնելու է Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Քահրամանմարաշ նահանգ, ուր օրեր առաջ տեղակայվել են Գերմանիայի տրամադրած Patriot զենիթա-հրթիռային համալիրները, որոնց սպասարկում է գերմանացի 300 զինծառայող:
Մերկելն Անկարայում հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Մերկելի թուրքական այցը տևելու է 2 օր, այդ այցի ժամանակ նրան ուղեկցելու են գերմանացի գործարարները:
Մերկելի թուրքական այցի կենտրոնում են լինելու երկկողմանի հարաբերությունները, Սիրիայի վերջին զարգացումները և տարածաշրջանային այլ հարցեր, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը, Թուրքիայի նոր Սահմանադրության հարցը և «Քրդական հարցի» կարգավորումը Թուրքիայում:
Վերջին անգամ Մերկելը Թուրքիա է այցելել 2010 թվականին: