Հունաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ին՝ ընդդեմ Թուրքիայի գործողությունների

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Հունաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ին՝ կապված Թուրքիայի կողմից մայրցամաքային շելֆում հետազոտություններ կատարելու հետ, որով և խախտվել են Հունաստանի ինքնիշխան իրավունքները:

Այս մասին հայտարարել է հենց Հունաստանի ԱԳՆ-ը: Նոտան տրվել է երեկ՝ արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրամանով: Նոտայում նշված է, որ Թուրքիան խախտել է 1982 թվականին ՄԱԿ-ի ընդունած ծովային իրավունքի կոնվենցիայի դրույթները:

Ավրամոպուլոսն ընդգծել է, որ Հունաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Թուրքիայի և տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ հենված փոխադարձ հարգանքի ու միջազգային իրավունքի նորմերի վրա:

Հիշեցնենք, որ Թուրքիան ու Հունաստանը, 1970-ական թվականներից սկսած, հակամարտության մեջ են Էգեյան ծովի շելֆի բաժանման հարցում, ուր առկա են նավթագազային պաշարներ: Թուրքիան գտնում է, որ 30 ծովային մղոնի հաշվարկը պետք է սկսվի հունական ցամաքից (Բալկանյան թերակղզուց) և ոչ թե Թուրքիայի ափերի մոտ գտնվող հունական կղզիներից: Բնականաբար, պաշտոնական Աթենքն ընդդիմանում է դրան:

Օդային սահմանի հարցում Հունաստանը պնդում է, որ միջազգային իրավունքի համաձայն` իր օդային սահմանները տարածվում են Էգեյան ծովի կղզիներից 10 ծովային մղոն (19 կիլոմետր) հեռավորության վրա: Մինչդեռ Թուրքիան հունական օդային տարածությունը ճանաչում է կղզիների շուրջ ընկած միայն 10 կիլոմետր (6 ծովային մղոն) հեռավորության վրա:

Տեսանյութեր

Լրահոս