Օջալանի պատրաստած նոր «ճանապարհային քարտեզում» նկատվում է լուրջ հետընթաց
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ վաղը Մարմարա ծովի Իմրալը կղզու բանտ է այցելելու քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) երկրորդ պատվիրակությունը: Թուրքիայի արդարադատության նախարարությունը երեկ հաստատել է այդ պատվիրակության կազմը:
Պատվիրակության կազմում են ընդգրկվել ԽԺԿ պատգամավորներ Փերվին Բուլդանը, Սըրրը Սուրեյյա Օնդերը և Ալթան Թանը, որոնք վաղը կբանակցեն 1999 թվականից Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ, «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի հետ:
Ակնկալվում է, որ այդ հանդիպման ժամանակ Օջալանը ներկայացնելու է Թուրքիայում «Քրդական հարցի» լուծման իր նոր «ճանապարհային քարտեզը»: Օջալանն այն ուղարկելու է նաև Թուրքիայի կառավարությանը և Ղանդիլ (Հյուսիսային Իրաք): Օջալանի այս նոր «ճանապարհային քարտեզի» մանրամասներն ի հայտ կգան վաղվա հանդիպումից հետո:
Միայն նշվում է, որ այն էականորեն տարբերվում է Օջալանի պատրաստած նախորդ «ճանապարհային քարտեզից», որը նա պատրաստել էր 2009 թվականին, ինչը, սակայն, չէր ընդունվել Թուրքիայի կառավարության կողմից: 2011 թվականին հայտնի էր դարձել դրա մանրամասները. Օջալանի նախորդ «ճանապարհային քարտեզը» բաղկացած էր 156 էջից և 10 կետից:
Այժմ նշվում է, որ Օջալանի նոր «ճանապարհային քարտեզում» բացակայում է այդ 10 կետերից 3-ը: Խոսքը գնում է «ինքնավար շրջանի» (Թուրքիայի քրդաբնակ շրջաններին ինքնավարություն շնորհելու), «ինքնապաշտպանության ուժերի» (Թուրքիայի քրդաբնակ շրջաններում ինքնապաշտպանության ուժեր ձևավորելու) և «տնային կալանքի» (Օջալանին տնային կալանք տալու) մասին: