Սաակաշվիլին խորհրդարանից պահանջում է նշանակել իր ամենամյա ելույթի ժամկետը
Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակ է հղել երկրի խորհրդարանին՝ կապված Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի երեկվա այն հայտարարության հետ, թե իրենք Սաակաշվիլիին կարող են խորհրդարանում լսել միայն մարտի վերջին, քանի որ ունեն կարևոր այլ հարցեր:
Նամակում Սաակաշվիլին ընդգծել է, որ հարգում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանին և միաժամանակ հիշեցնում, որ երկրի օրենքի գերակայությունը Սահմանադրությունն է, որի պահպանումը պարտադիր է յուրաքանչյուր քաղաքացու և առաջին հերթին երկրի ղեկավար անձանց համար:
Սաակաշվիլին հավելել է, որ երկրի Սահմանադրությունը մի կողմից երկրի առաջին դեմքին պարտադրում է խորհրդարանի ամբիոնից դիմել օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին ու հասարակությանը, իսկ մյուս կողմից էլ այն խորհրդարանին պարտադրում է լսել նախագահին, ով հանդիսանում է Սահմանադրության պաշտպանության երաշխավոր:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Վրաստանի խորհրդարանում ամենամյա ելույթ պետք է ունենար դեռևս փետրվարի 8-ին, սակայն Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը և վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեցին, որ չեն ցանկանում լսել նրա ելույթը:
Դրանից հետո Սաակաշվիլին որոշեց տվյալ ելույթով հանդես գալ Թբիլիսիում գտնվող Ազգային գրադարանի շենքում, սակայն ընդդիմադիր ցուցարարները հավաքվեցին գրադարանի շենքի մոտ և խափանեցին Սաակաշվիլիի այդ մտադրությունը: