Ադրբեջանը վավերացրել է Թուրքիայի տարածքով իր գազի տարանցման մասին համաձայնագիրը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է Թուրքիայի հետ կնքած գազային համաձայնագիրը, որում խոսք է գնում այդ երկրի տարածքով ադրբեջանական գազի տարանցման և անկախ խողովակաշարի («Անդրանատոլիական գազատար», TANAP) կառուցման մասին:
TANAP գազատարի սկզբնական թողունակությունը կազմելու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր: Դրանից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար: Խողովակաշարով մատակարարվելու է ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակմամն երկրորդ փուլում ստացվելիք գազը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, թե TANAP գազատարի կառուցման շրջանակներում հողափորման աշխատանքները մեկնարկելու են այս տարի: