
Թուրքիայում ոչ մուսուլման զինծառայողներին թույլատրվում է զենք կրել. Իսմեթ Յըլմազ

Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Լյութֆու Թյուրքքանը հարց է ուղղել Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին. «Նախկինում ուսուցման ժամանակ զենք չէր տրվում Թուրքիայի զինված ուժեր զորակոչված ոչ մուսուլմաններին, այժմ է՞լ է այդպես»:
Ի պատասխան՝ Իսմեթ Յըլմազը գրել է. «Թուրքիայի քաղաքացիներն ամեն փուլում գտնվում են հավասար պայմաններում, ոչ ոքի նկատմամբ չի օգտագործվում խտրականություն կամ այլ վերաբերմունք: Այս շրջանակներում մենք զորակոչում ենք ոչ մուսուլման մեր քաղաքացիներին, և բնականաբար որևէ խտրականություն չի կիրառվում նրանց ռազմական կրթության ժամանակ»:
Հիշեցնենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց քիչ անց՝ 1939 թվականի նոյեմբերին, Թուրքիայի կառավարության պատրաստած նոր օրենքով արգելվեց զինծառայության ժամանակ քրիստոնյա ու հրեա փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ ռազմական դասընթացներ անցկացնելը:
Նույն օրենքով՝ նրանք կարող էին լինել միայն սպաների օգնականներ և օգտագործվում էին ճանապարհաշինական աշխատանքներում, օդանավակայանների ընդլայնման մեջ, բանակի ներքին ծառայություններում և այլ օժանդակ հարցերում: Որոշ ժամանակ ոչ մուսուլման զինծառայողներն անգամ կրում էին այլ ռազմական հանդերձանք՝ թուրք զինծառայողներից տարբերվելու համար: