Իրանի դեմ սահմանած պատժամիջոցների պատճառով ԱՄՆ-ի տնտեսական վնասը կազմել է 500 միլիարդ դոլար. Foreign Policy
Irib News-ի ռուսական ծառայությունը, վկայակոչելով ամերիկյան Foreign Policy պարբերականը, հայտնում է, որ Իրանի դեմ ԱՄՆ Կոնգրեսի սահմանած նավթային բեռնարգելքը կարելի է որակել որպես «յուրօրինակ լավություն», քանի որ վերջին 30 տարիներին Իրանի դեմ սահմանած պատժամիջոցների պատճառով ԱՄՆ տնտեսությունը կորցրել է 500 միլիարդ դոլար:
Ամերիկյան պարբերականը գրում է, որ էներգետիկ գծով հայտնի փորձագետ Ռոբերտ Միլսը հայտարարել է, որ Իրանի նավթային սեկտորի դեմ յուրաքանչյուր նոր պատժամիջոց չի ունենա այլ հետևանքներ, քան բուն ամերիկյան տնտեսությանը հերթական վնասը հասցնելուց.
«Անկախ նրանից, թե արդյոք նավթային բեռնարգելքը կհանգեցնի՞ որևէ արդյունքի, թե՞ ոչ, դա վատ գաղափար է ԱՄՆ արտաքին քաղաքական պլանների իրագործման ժամանակ: Եթե անգամ պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ, ապա դրանից առաջին հերթին տուժում են ԱՄՆ-ի դաշնակիցները և մի շարք թույլ տնտեսություններ, ինչպիսին որ Հունաստանն է, որն առանց այդ էլ գտնվում է բարդ իրավիճակում:
Եթե հաջողվի ամբողջովին արգելափակել Իրանից նավթի արտահանումը, ապա դա կհանգեցնի նավթի գնաճին, և համաշխարհային տնտեսությունը վերստին անկում կապրի, որից նա ներկայումս դժվարությամբ է դուրս գալիս»: