
Իրանն ու Ադրբեջանը քննարկել են սահմանային ամբարտակների օգտագործման հարցը

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Ադրբեջանի աշխատանքային խմբերը քննարկել են «Խոդա Աֆարին» և «Գիզ Գալասը» ամբարտակների օգտագործման հետ կապված տեխնիկական ու իրավական հարցեր: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այդ քննարկումները հաջողությամբ իրականացվել են փետրվարի 16-18-ին, Թավրիզում: Կողմերը պայմանավորվել են առաջիկա ամիսներին հանդիպել ևս մեկ անգամ: «Խոդա Աֆարին» ամբարտակն Արաքս գետի վրա կառուցվում է Իրանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:
Նրա կողքին կառուցվում է 100 մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան: «Գիզ Գալասը» ամբարտակն էլ գտնվում է «Խոդա Աֆարին» ամբարտակից 10 կիլոմետր հեռավորության վրա և հանդիսանալու է որպես դրա օժանդակ կառույց: Այս հարցով Իրանի ու Ադրբեջանի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումն անցկացվելու է Բաքվում: Ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: