ԱՄՆ-ը մտադիր է 2014 թվականին 24 տոկոսով կրճատել Հարավային Կովկասի երկրների ֆինանսավորումը

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթը, վկայակոչելով վրացական ԶԼՄ-ները, հայտնում է, որ ԱՄՆ-ը մտադիր է 2014 թվականին 24 տոկոսով կրճատել Հարավային Կովկասի երկրների ֆինանսավորումը:

Վրաստանի պարագայում դա կազմում է 17 տոկոս: ԱՄՆ նոր բյուջեի նախագծով, որն ուղարկվելու է այդ երկրի Կոնգրեսի հաստատմանը, Վրաստանին հատկացվող օգնությունը 85 միլիոն դոլարից նվազեցվում է մինչև 68.7 միլիոն դոլարի:

Նշվում է, որ այդ գումարի կրճատումը տարածվում է Վրաստանի քաղաքական ու տնտեսական ծրագրերի ֆինանսավորման վրա, սակայն այն չի տարածվում անվտանգության ոլորտի ծրագրերի, այսինքն «Խաղաղություն և անվտանգություն» կատեգորիայի վրա, որին ԱՄՆ-ը հատկացրել է 21.7 միլիոն դոլար:

Այդ ծրագիրն իրենում ներառում է Վրաստանի զինված ուժերի նախապատրաստություն՝ ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանեցնելու համար և միջուկային զենքի չտարածման ոլորտի փորձագետների որակավորման բարձրացում:

Բացի այդ, ԱՄՆ նոր բյուջեի նախագծով 13 տոկոսով կրճատվելու է Միջին Ասիայի երկրներին հատկացվող օգնությունը: Այն 133.6 միլիոնից նվազեցվել է մինչև 118.3 միլիոն դոլարի:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում հաղթանակ տարավ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» դաշինքը, Վրաստանում (և ոչ միայն) շատ է խոսվում երկրի արտաքին քաղաքական ուղղվածության փոփոխման մասին:

Ավելին, այս տարեսկզբին ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը կանխատեսեց, որ 2013 թվականին Կովկասում Ռուսաստանի գլխավոր խնդիրը հանդիսանալու է Վրաստանը. «Քանի որ Թբիլիսիի արտաքին քաղաքական կողմնացույցն այլևս ցույց չի տալիս Արևմուտք և ՆԱՏՕ և անգամ հակառակը՝ ամեն ինչ գնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, Վրաստանը ռիսկի է դիմում 2013 թվականին հայտնվել իր համար անհարմար իրավիճակում:

Դրա պատճառն այն է, որ քաղաքական նոր իրողությունը կարող է լարվածություն առաջացնել տարածաշրջանի այլ խաղացողների հետ քաղաքական հարաբերություններում: Դա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, որին անհանգստացնում է Վրաստանում Ռուսաստանի ազդեցության աճը»:

Տեսանյութեր

Լրահոս