Բնական գեղարարություն
Բուժիչ նամակներ
Սկրաբներ
Թթվասեր. Խառնեք 3 ճ/գ ծովի աղ և թթվասեր, քսեք մաշկին, 3 րոպեից լվացեք գոլ ջրով և մշակեք մեղրով։ Աղը նպաստում է մաշկի բջիջների նորացմանը։ Փոքրանում են ծակոտիները, մաշկը դառնում է հարթ և թավշյա։
Աղի հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ բուժվում են մանր վերքերը, բորբոքումները։ Նախատեսված է ճարպոտ մաշկի համար։
Կաթնաշոռ. Խառնեք 3-ական ճ/գ բրնձի ալյուր և կաթնաշոռ, 2 թ/գ ձիթապտղի յուղ, 15 րոպեից լվացեք դեմքը։
Ձվի կեղևը. Կես թ/գ ձվի փոշիացրած կեղևը խառնեք 1 դեղնուցի և 1 թ/գ կաթնասերի հետ, անհրաժեշտության դեպքում ավելացրեք մի փոքր տաք ջուր։ 15-20 րոպեից մաքրեք և մշակեք սնուցող քսուքով։
Ընկույզ. Խառնեք 4 ճ/գ ընկույզի փոշիացրած միջուկ, 1 ձվի դեղնուց, 4 թ/գ կարագ։ 10 րոպեից լվացեք տաք ջրով։ Նախատեսված է զգայուն մաշկի համար։
Պիստակ. Խառնեք 2 ճ/գ հում պիստակի փոշիացրած միջուկը, 2-ական թ/գ կիտրոնի և նուռի հյութեր` մինչև ստացվի համասեռ զանգված։ 5 րոպեից լվացեք տաք ջրով։ Նախատեսված է ճարպոտ մաշկի համար։
Ցորենի թեփ. Խառնեք 2 ճ/գ գոլ մեղր (40C), 1 ճ/գ ցորենի թեփ, 20 մլ կիտրոնի հյութ, 15 րոպեից լվացեք գոլ ջրով։ Նախատեսված է թեփոտվող ճարպոտ մաշկի համար։ Ունի թարմացնող և սպիտակեցնող հատկություն։
Վարսակի փաթիլ. Խառնեք 1-ական ճ/գ վարսակի փոշիացրած փաթիլ, բուսայուղ և կեչու (եղինջի կամ գետնամորու) տերևի հյութ։ Լվացեք 10 րոպեից։ Նախատեսված է չոր մաշկի համար։
Սուրճ. Խառնեք սուրճի թարմ աղացած հատիկներ, շաքարավազ, նուշի յուղ (1։3։4), պահեք 3-5 րոպե, մաքրելուց հետո պարտադիր է մշակել մաշկը խոնավացնող լոսյոնով կամ քսուքով։
Նախատեսված է ցելյուլիտով հիվանդ մաշկի համար։ Չի կարելի մշակել մաշկի վնասված հատվածները։
Խառնեք 1 գավաթ սուրճի նստվածք, 2 թ/գ վարսակի փաթիլ, 1 ճ/գ յոգուրտ, 5 րոպեից մաքրեք։ Նախատեսված է ճարպոտ մաշկի համար։
Խառնեք 1 ճ/գ թարմ աղացած սուրճի և 2 ճ/գ խնձորի քերուկ, 5 րոպեից լվացեք։ Նախատեսված է ճարպոտ մաշկի համար։
Կնճիռները հարթեցնող միջոցներ
Խառնեք 1 ճ/գ տարեկանի ալյուր և սառը եփած թունդ սուրճ, մինչև ստացվի խիտ զանգված, ավելացրեք 1 ձվի հարած դեղնուց, 10 րոպեից լվացեք ջրով։
Անիսոն. 1թ/գ անիսոնի տրորած սերմը 20-30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Բամբակե խծուծով մշակեք դեմքը։ Օգտակար է մանր կնճիռների դեպքում։
Խմորիչ. 30 գ թարմ խմորիչը խառնեք կաթի հետ, մինչև ստացվի համասեռ զանգված։ Չոր մաշկի դեպքում ավելացրեք կեսական թ/գ ձիթապտղի յուղ և գոլ մեղր։ 20 րոպեից լվացեք տաք և ցայեք սառը ջրով։
Գրեյպֆրուտ. Խառնեք 50 մլ գրեյպֆրուտի հյութ, 1-ական թ/գ թթվասեր և գազարի հյութ, 1 ճ/գ բրնձի ալյուր։ 30 րոպեից մաքրեք բամբակի խծուծով, լվացեք և մշակեք գրեյպֆրուտի հյութով, թողեք չորանա։
Չիչխան. 3 ճ/գ չիչխանի թարմ մանրացրած տերևը 10 րոպե թրմեք 500 մլ եռջրում, դրեք կրակի վրա, հասցրեք եռման ջերմաստիճանի, թրմեք 1 ժամ, քամեք, հումքը մզեք։
Լվացեք դեմքը, դրեք թրջոցներ։ Օգտակար է չոր մաշկին։
Մշակեք դեմքը չիչխանի յուղով` օրը 1 անգամ։ Օգտակար է ճարպոտ, թառամող մաշկին։
Խառնեք 1-ական թ/գ չիչխանի գոլ հյութ և յուղ, 1 ձվի դեղնուց, 15 րոպեից լվացեք տաք ջրով։ Կատարեք շաբաթը 2 անգամ։ Օգտակար է չոր, թառամող մաշկին։
Սեխ. Խառնեք սեխի մանրացրած պտղամիսը և եփած կարտոֆիլի խյուսը (1։1)։ 10 րոպեից լվացեք դեմքը գոլ ջրով։
Վարսակ. Խառնեք 2-ական թ/գ վարսակի ալյուր և գոլ մեղր, 1 ձվի սպիտակուց։ 20 րոպեից մաքրեք բամբակե խծուծով։
Լոլիկ. Խառնեք 50 մլ լոլիկի հյութ, 1 ձվի սպիտակուց, 3 թ/գ ալյուր, 20 րոպեից լվացեք գոլ և ցայեք սառը ջրով։
Վիտամին E. Խառնեք 50 մլ ձիթապտղի յուղ և 10 մլ E վիտամինի յուղամզվածք։ Մատներով զգուշորեն ներմերսեք աչքերի շուրջը, 5 րոպեից մաքրեք թղթե անձեռոցիկով։
Խուրմա. Խառնեք 1-ական ճ/գ խուրմայի հյութ, գոլ մեղր, 1 ձվի դեղնուց։ 20 րոպեից լվացեք գոլ հյութով։ Խորհուրդ է տրվում թառամող մաշկը խնամելու համար, ունի փափկեցնող հատկություն։
Բանան. Տրորեք պտղամիսը, քսեք բարակ շերտով։ 15 րոպեից լվացեք գոլ ջրով։
Խառնեք 1 ճ/գ բանանի խյուս, 1-ական թ/գ կաթնասեր և մեղր, 1 ձվի դեղնուց։ 15 րոպեից լվացեք գոլ ջրով։ Կատարեք շաբաթական 2-3 անգամ, շարունակեք 1-2 ամիս։
Հալվե. Խառնեք հյութը վազելինի հետ (6։1)։ Հալվեն ունի խոնավությունը պահպանող հատկություն, նպաստում է կոլագենի և էլաստինի առաջացմանը։ Օգտագործեք` որպես լոսյոն։
Կաղամբ. Լվացվեք կաղամբի թարմ հյութի և ջրի խառնուրդով (2։1)։
Սև հաղարջ. Լվացեք դեմքը, բամբակե անձեռոցիկը թրջեք հյութի մեջ,15-20 րոպեից լվացեք սառը ջրով, թեթևակի չորացրեք և մշակեք սնուցող քսուքով։
Դեղձ. Մշակեք մաշկը հյութով, որից հետո 15-20 րոպե դրեք դիմակ պտղամսով։ Լվացեք սառը ջրով։ Դեղձի հյութը և պտղամիսն ունեն սնուցող, փափկեցնող, հարթեցնող և թարմացնող հատկություններ։
«168 ԺԱՄ»