«Լավ չենք կանգնել, ճիշտ չենք կանգնել, մեր սխալներից դասեր չենք քաղել». Նիկոլ Փաշինյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսը, որին ներկա էր նաև ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս շուրջ հավաքվել էին մի խումբ մարդիկ, ովքեր բողոքում էին ընտրությունների արդյունքներից։ Ի պատասխան հավաքվածների հարցերին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ոչ մեկը մեր հայրենիքը սկուտեղի մեջ դրած մեզ չի մատուցելու։ Այստեղի մարդիկ նվիրված են իրենց նպատակին։ Ո՞վ չէր ուզի՝ երկու ժամ Ազատության հրապարակում կանգնեինք, դուրս գայինք և տեսնեինք՝ Թումանյան փողոցը դարձել է Պրոսպեկտ… Լավ չենք կանգնել, ճիշտ չենք կանգնել, մեր սխալներից դասեր չենք քաղել»։

168.am-ը հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից, թե ինչո՞վ է պայմանավորված վերջինիս` Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի բացօթյա ասուլիսին ներկա գտնվելը. «Իսկ ե՞րբ ես այստեղ չեմ եղել։ Քանի դեռ ՀՀ-ում ժողովրդի իշխանությունը հաստատված չէ, Ազատության հրապարակում իմ գտնվելը որևէ մեկնաբանություն չունի»։

Մեր մյուս հարցին, թե այս ասուլիսն ու վաղվա հանրահավաքն ի՞նչ հետևանքներ և ազդեցություն կարող են ունենալ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իմ և այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդու համար ամենակարևորն այն է, որ ինքն այստեղ է, և դրանով շատ բան ասված է։ Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացին քանի գալիս է Ազատության հրապարակ, ուրեմն ինքը հաղթելու է, դա՝ միանշանակ։ Օրը, ժամը, տեղը, պայմանները՝ ուրիշ հարցեր են։ Հաղթանակի կամքը մեզ մոտ կենդանի է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի դարձել ազատ և երջանիկ Հայաստան։ Հաղթանակի կամքը դրանից հետո էլ է նաև կենդանի լինելու` եղածը պահպանելու և զարգացնելու համար»։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս