Լյուդմիլա Սարգսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին միանալու մասին. «մութ» հարցեր կան

168.am-ի հարցին, թե ՀԱԿ-ը միանալո՞ւ է  «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի ակցիային, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, թե այդ հարցը չի քննարկվել ՀԱԿ-ում:

«Իսկ իմ անձնական կարծիքը կարող եմ հնչեցնել:  Նախ` պետք է հասկանալ, թե այդ հանրահավաքով Րաֆֆի Հովհաննիսյանն ի՞նչ խնդիր է դնում և ի՞նչ նպատակ է հետապնդելու: Ինձ համար, օրինակ, հստակ չէ` արդյո՞ք դա շարունակություն է ունենալու և նա պահանջատեր է լինելու»:

Իսկ հարցին՝ եթե Ր. Հովհաննիսյանը պահանջատեր լինի՝ այդ  դեպքում կմիանա՞ք, Լ. Սարգսյանը պատասխանեց. «Սա արդեն քննարկման թեմա է, իսկ երբ մեզ համար հստակ կլինեն նպատակներն ու մինչև վերջ գնալու վճռականությունը, կարծում եմ, դա արդեն կարելի է քննարկել: Իսկ ես՝ ինքս, անձամբ հակված չեմ մասնակցել հանրահավաքին: Ինձ համար շատ մութ հարցեր կան, որոնց պատասխանները ես ակնկալում եմ առաջիկա օրերին լսել և հասկանալ»:

Լ. Սարգսյանի խոսքով` իր համար «մութ» են, թե ինչքանո՞վ է վճռական Ր. Հովհաննիսյանը, ընտրությունների արդյուքները 1-2 օր հետո ընդունելո՞ւ է, թե՞ մինչև վերջ պահանջելու է, որ ընտրություններն անցկացվեն երկրորդ փուլով: «Եթե` ոչ, ապա մենք ի՞նչ ունենք անելու այդ հանրահավաքում»,- հավելեց ՀԱԿ պատգամավորը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս