Նարնջագո՞ւյն, թե՞ ծիրանագույն՝ ամեն դեպքում հեղափոխություն լինելու է

168.am-ի հարցին, թե արդյո՞ք «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրվելու դեպքում` նրա անձի անվտանգության խնդիր կլինե՞ր, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատասխանեց.

«Ընդհանրապես, այսօրվա պայմաններում անվտանգության խնդիր ունի յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանում: Եվ, բնականաբար, հասկանալի է, որ ընտրվելու դեպքում որոշակի ապահովական խնդիրներ պետք է լուծի, բայց այս պահին ես չեմ դիտում, որ դա առաջնային պլանում է դրված: Իսկ նախագահ ընտրվելու դեպքում ոնց որ յուրաքանչյուր պետություն, այնպես էլ Հայաստանի պետությունը պետք է կարողանա ապահովել իր իշխնավաորի անվտանգությունը»:

Իսկ մեր հաջորդ հարցին, թե իրատեսակա՞ն համարո՞ւմ եք այն տեսակետը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից կազմակերպվելու է «նարջնագույն» հեղափոխության սցենար, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը` նախ հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում նարնջագույն հեղափոխություն, ապա  պատասխանեց. «Ձեր հարցի մեջ շատ հասկանալի է նարնջագույնի նարինջը: Նարնջագույն հեղափոխություն ընդունվեց 4-5 տարի առաջ: Հայաստանում ես չէի ցանկանա դա անվանել նարնջագույն հեղափոխություն: Ճշգրիտ ձևակերպում է տրվել` ընտրական հեղափոխություն է կատարվում Հայաստանում` ով ինչ գույն ուզում է տա, ինչի  հետ ուզում է համեմատի, բայց բոլոր համեմատությունները կաղալու են, ճշգրիտ ձևակերպումը, որ ընտրական հեղափոխություն է կատարվում և հայ ժողովրդի, հայ քաղաքացու ծննդով և նրա կեցվածքով»:

Ռ. Հակոբյանի պատասխանին միջամտեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` ասելով. «Ես կասեի ծիրանագույն հեղափոխություն, որովհետև մեր միտքը ծիրանն է, և, ըստ էության, մեր ազգային սիմվոլներից մեկն է»:

Կարդացեք նաև

Ռ. Հակոբյանն էլ հավելեց. «Զգացի՞ք, չէ, որ տարակարծություններ ունենք»: Այս խոսակցությանը միջամտեց նաև կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` ավելացնելով. «Իմիջիայլոց, հեղափոխական տրամադրությունը համակել է ամբողջ հասարակությունը, այդ թվում` իշխանությունը, որը հայտարարեց, թե ուզում է իրականացնել սահմանադրական հեղափոխություն: Հեղափոխություն ամեն դեպքում լինելու է»:

Իսկ հարցին, թե դրսի ուժերի կողմից միջամտություն, օգնություն լինելո՞ւ է, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Դա դրսի չէ, դա ներսի է: Հայաստանի հյուսիսից՝ հարավ, արևելքից՝ արևմուտք մեր բոլոր քաղաքացիների միջամտությունն է եղել: Համատարած, շատ ուղղակի, շատ հզոր միջամտություն է եղել: Այդ միջամտության ալիքը մենք կրել ենք մեզ վրա, և այդ ալիքը տանելու ենք մինչև վերջ»:

Տեսանյութեր

Լրահոս