Րաֆֆի Հովհաննիսյանը հարցերին կպատասխանի վաղը՝ Ազատության հրապարակում

Քիչ առաջ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանը հենց այն մարդն է, որ կարող է ընդունել, որ Հայաստանը պետք է ունենա դե յուրե նախագահ: Սակայն նրա խոսքով` ինքն այլևս հորդորով հանդես կգա:

Նա, ով խեղում է հայ ժողովրդի խոսքը, ով սպառնա որևէ հայ մարդուն՝ լինի զինվորի, նախագահի թեկնածու, գեներալ, շտաբի պետ, մարզպետ, քաղաքապետ կամ օլիգարխ, պատասխան է տալու: Նրա ասելով՝ հինգ տարի հետո պիտի ունենանք ազատ, արդար ընտրություններ: «Այսօր ազատ չէ, այսօր արդար չէ: Այսօր խորհրդային վախը վերտիկալ գործեց»,- նկատեց Ր. Հովհաննիսյանը, ում խոսքով` ժողովուրդը հաղթել է, և որևէ մեկը չի պարտվել: Իսկ արդյունքում պարտվել է վախը, ասել է` ոչ սպառնալիքներին, ստորացուցիչ քայլերին, և ասել է`այո՛ մեր երկրի ապագային: Իսկ հարցերին կպատասխանի վաղը, Ազատության հրապարակում։

«ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի փոխանցմամբ՝ կես ժամ առաջ ամփոփել են 42 ընտրատեղամասերի արդյունքները, ըստ որոնց՝ 27 902 ընտրողներից 19057 –ը` Ր. Հովհաննիսյանի օգտին է քվեարկել: Հ. Խուրշուդյանի խոսքով`իրենք ունեն հստակ տեղեկատվություն, որ ամենաբարձր ատյաններից հրահանգվել է հանձնաժողովների նախագահներին`չտրամադրել արձանագրություններն այն ընտրատեղամասերում, որտեղ հաղթում է Ր. Հովհաննիսյանը: 6/16 ընտրատեղամասում 600 քվեաթերթիկներ գողացվել են, որոնք քվեարկել էին Ր. Հովհաննիսյանի օգտին: Իսկ Զեյթունի 3/25 ընտրատեղամասում մինչ այս ժամը չի բացվել քվեատուփը: Մամլո խոսնակը նշեց, որ 3/33 ընտրատեղամասի հանձնաժողովում Դանիել Իոնեսյանին Սերժ Սարգսյանի վստահված անձը փորձել է կաշառել`ասելով, թե «արի հիսուն-հիսուն» անենք արդյունքները։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս