Փրկարարները, ջրասուզակներն ու ողջ գյուղը Հրազդան գետում փնտրում են 13-ամյա երեխային
Այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Խաչփար գյուղի վարչական շրջանում գտնվող Հրազդան գետում, ըստ տեղեկությունների, 13-ամյա երեխա է խեղդվել:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ փրկարար 3-րդ ջոկատի աշխատակիցները:
Խմբի ղեկավար Արթուր Ճաղարյանի կանչով` դեպքի վայր են հրավիրվել նաև հատուկ ջրասուզակներ, քանի որ 2 ժամից ավելի տևող որոնողական աշխատանքներն արդյունք չեն տալիս: Առաջին պահից տեղում է համայնքի ղեկավար Շահեն Մարտիրոսյանը և գյուղի ժողովուրդը, ովքեր նույնպես ներգրավված են երեխայի որոնողական աշխատանքներում:
Տեղում է նաև Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Համայնքի ղեկավարը ֆոտոլրագրողին հայտնել է, որ երեխան, որին փնտրում են, նույն գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Արսեն Բալայանն է: Երեխայի ընտանիքը նախկին փախստականներ են, և գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: Երեխան իր 3-4 ընկերների հետ է եղել, ովքեր եկել էին Հրազդան գետի մոտ, ինչից հետո, ըստ երեխաների պատմածի, տեղի է ունեցել ողբերգությունը:
Քիչ առաջ նշված վայր ժամանեց նաև Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը: