
«5000 դրամը փոխանցեք Սերժին, չեմ վաճառվում»

ԳԱԼԱ Հ/Ը է եկել մի քաղաքացի՝ իր հետ բերելով լուսանկարներ: Գնալով ընտրության` քաղաքացին ծրարի մեջ դրել է նաեւ 5000 դրամ, իսկ քվեաթերթիկի վրա գրել. «Չեմ վաճառվում, փոխանցեք Սերժ Սարգսյանին»:
Տիկինը պատմել է հետևյալը. «Երբեք ձեռքս չէր գնացել ընտրակաշառք վերցնելու, բայց էս անգամ վերցրեցի, վերցրեցի հենց էդ նպատակով, որ քվեաթերթիկն ուղարկեն Սերժին, թող տեսնի, որ ոչ բոլորն են ծախու»:
Տիկնոջ խոսքերով, նա փորձել է այդ եղանակով արտահայտել իր բողոքի ձայնը, նույնը հորդորում է այն մարդկանց, ովքեր վերցրել են ընտրակաշառք:
«Թող գումարները հետ շպրտելու ակցիա լինի: Տանեն հետ տան ու իրանց հոգին ազատեն էդ բեռից»,- նշել է քաղաքացին:
Տիկինը գնացել է ԳԱԼԱ, որպեսզի վերջիններս հետևողական լինեն, թե տվյալ ընտրատեղամասում ի՞նչ են անելու այն հինգ հազարանոցը, որը տեղադրել է ծրարի մեջ: Թեև չէր հիշում՝ կոնկրետ ընտրատարածքը, բայց նշել է, որ «ընտրություն» է կատարել Բայրոնի անվան դպրոցում: