Միհրան Կիրակոսյան. «Դրսից ես ավելի շատ օգուտ կտամ Հայաստանին» (տեսանյութ, լուսանկարներ)

Դեռևս 6 տարեկանից ԱՄՆ-ում՝ Գլենդելում բնակվող Միհրան Կիրակոսյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, տարիներ շարունակ հանդես է եկել միջազգային մեծ բեմերում՝ համաշխարհային փոփ-գերաստղերի հետ: Վաղուց արդեն Միհրանը ոչ միայն հանդես է գալիս որպես պարող՝ գերաստղերի շոուներում (Մադոննայի, Բրիթնի Սփիրսի, Փինկի, Ռիկի Մարտինի, և այլոց), այլև սեփական բեմականացումներով է հանդես գալիս և դասավանդում պարային մի քանի ստուդիաներում:

Միհրանը, թերևս, մեկ չիրականացված երազանք ուներ. ուզում էր պարել Մայքլ Ջեքսոնի հետ, սակայն, ավաղ, դա նրան չհաջողվեց: Միհրանը, ով սկսել է պարել դեռևս 7 տարեկանից, ոգեշնչվել է հատկապես Մայքլ Ջեքսոնի կատարումներից: Հայրը՝ «Արայի դանս շոու» պարային խմբի հիմնադիր Կարո Կիրակոսյանը, մեծ ներդրում է ունեցել Միհրանի ստեղծագործական կյանքում:

Mihran Kirakosyan(15)

Պարի տեխնիկան՝ պարային տարբեր ոճերի մեջ իր էքսպերիմենտները  հասցնելով կատարյալ մակարդակի՝ Միհրանը տարիներ անց նաև սկսեց երգել: Մի քանի տարի առաջ նա ձայնագրել էր իր «United Street of ARMerica» հիփ-հոփ ոճի ալբոմը:

Կարդացեք նաև

Մադոննայի հետ մի քանի ծրագրերում հանդես գալուց հետո Միհրանը և երգչուհին լավ ընկերներ են: Հաճախ են զրուցում և քննարկում Միհրանի նախագծերը, նոր տեսահոլովակները:

Mihran (10)

Միհրանի հաջողությունները պայմանավորված են նաև նրա աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ: Նա անվերջ նոր նախագծերով է զբաղված:

168.am-ը զրուցել է Միհրանի հետ՝ պարզելու, թե այսօր ի՞նչ նոր նախագծերով է զբաղված, ինչպիսի՞ նոր համագործակցություններ ունի, և թե ի՞նչ նորություններ կարելի է սպասել նրանից առաջիկայում։

Միհրան, կպատմե՞ք, թե ԱՄՆում այժմ ինչո՞վ եք զբաղված։

– Այսօր ես ԱՄՆ-ում միաժամանակ զբաղված եմ մի քանի աշխատանքներով։ Դասավանդում եմ մի քանի պարային ստուդիաներում, համագործակցում եմ ամերիկյան հեռուստաալիքների հետ, աշխատում եմ տարբեր երգիչ-երգչուհիների հետ և, վերջապես, սկսել եմ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել։

Mihran Kirakosyan(9)

Հեռուստաշոուների, գովազդների ու պարային նախագծերի համար շարունակո՞ւմ եք պարերբեմադրել։

– Իհարկե, վերջին երկու տարվա ընթացքում արվել են բավականին շատ բեմադրական աշխատանքներ։ Կարող եմ ասել, որ ավելի շատ կենտրոնացել եմ իմ` բեմադրողի կարիերայի վրա։ Հիմա ավելի շատ զբաղված եմ բեմադրական աշխատանքներով, քան պարողի։

–  Արտասահմանյան արտիստներից ո՞ւմ հետ եք աշխատել։ Ինչպե՞ս են նրանք իմացել Ձեր մասին։

– Վերջին շրջանում մի քանի հետաքրքիր բեմադրություններ եմ արել «Big Time Rush» խմբի, Victoria Justice,  Selena Gomez-ի համար։ Selena Gomez-ի համար մի ամբողջ համերգային ծրագրի պարերն եմ բեմադրել։ Հնարավորություն եմ ունեցել աշխատել նաև «Nickolodeon TV show & Disney TV show»-ի համար։ Վերջին աշխատանքս եղել է ամերիկյան «THE VOiCE  TV show»-ի համար, որում հանդես եմ եկել թե՛ որպես պարող, թե՛ որպես բեմադրող։

Mihran (26)

Ես 14 տարեկանից գրանցված եմ «Dance Agency»-ում եմ և ունեմ իմ «agent»-ը, որը զբաղված է ինձ ներկայացնելով ու ինձ համար աշխատանք փնտրելով։ Ինչ էլ որ քեզ համար գտնեն, դու, միևնույն է, պիտի գնաս և audition-ի մասնակցես։ Այստեղ կարևոր է նաև քո ռեզյումեն, թե ո՞ւմ հետ ես աշխատել, ի՞նչ գործեր ես արել, և այլն։ Ի վերջո, հիմա համացանցի դարում ենք ապրում, բավական է «google»-ով փնտրել և վերջ` բոլորը կիմանան, թե դու ով ես։

Ներկայումս ինչոր մեկի հետ համագործակցո՞ւմ եք։

– Հենց հիմա աշխատում ենք երիտասարդ երգչուհի Լուարայի հետ, պատրաստում ենք նրա երկրորդ տեսահոլովակը։ Ամեն ինչ անում ենք Լուարային ամերիկյան շոու-բիզնեսում ամենաբարձր մակարդակով ներկայացնելու համար։ Նոր ենք թողարկել նրա «Կրակիր ինձ» երգը, որի տեսահոլովակի պարերը ես եմ բեմադրել:

Mihran (17)

Ո՞ւմ հետ կուզենայիք աշխատել։

– Իմ դեպքում առայժմ աշխատանքի համար ինձ են ընտրում։ Դեռ չի եկել այն ժամանակը, որ ես ընտրեմ, թե ո՞ւմ հետ կուզենայի աշխատել։

Ձեզ Հայաստանում շատ քիչ ենք տեսնում։ Հայաստան վերադառնալու և այստեղ Ձեր կարիերան շարունակելու ցանկություն չկա՞։

– Հայաստան անպայման կգամ` հանգստանալու նպատակով։ Ինչ վերաբերում է Հայաստանում կարիերա անելուն, ես անկեղծ չեմ պատկերացնում, թե դա այդտեղ ինչպե՞ս կարելի է անել։ Ավելի լավ է՝ ես այստեղ մնամ. այստեղից ես ավելի շատ օգուտ կարող եմ տալ։

Mihran (11)

Եթե Հայաստանում նայիք, նույն հաջողությունները կունենայի՞ք։

– Սա թող որպես մեծամտություն չհնչի, բայց եթե ես Հայաստանում մնայի, հաստատ չէի ունենա նույն հաջողությունները, ինչ հիմա ունեմ։ Իսկ չէի ունենա մի պարզ պատճառով` Հայաստանում դու որքան էլ տաղանդավոր լինես, որևէ մեծ ընկերության կողմից քեզ տեսնելու հնարավորությունը հավասար է զրոյի։ Այսինքն` դրսում աշխատելուդ հնարավորությունն էլ է հավասար զրոյի։

Հայերգիչ-երգչուհիների հետ համագործակցելու ցանկություն չկա՞։

– Իհարկե, շատ կուզենայի մեր հայազգի երգիչ-երգչուհիների հետ համագործակցել, բայց մինչ այսօր ոչ մի լուրջ առաջարկ չի եղել։

Ձեր եղբոր հետ միասին մտադրվել էիք պարային ֆիլմ ստեղծել։Ե՞րբ կիրականացնեք այս գաղափարը։

– Հայրիկս պարային ֆիլմի հետ կապված մի լավ գաղափար ունի։ Մենք աշխատում են դրա վրա, բայց այն առայժմ զուտ գաղափար է։ Կարծում եմ` կգա նաև այդ օրը, և ես, եղբայրս ու հայրիկս միասին կիրականացնենք այս ծրագիրը։

Mihran (13)

Այժմ ստեղծագործական ի՞նչ փուլում եք գտնվում։ 

– Ամբողջ օրն աշխատում եմ, երբեմն նույնիսկ օրս չի հերիքում։ Ամբողջ օրը վազքի մեջ եմ, բայց երեկոյան, երբ ստուգում եմ, թե ինչեր եմ արել, հասկանում եմ, որ օրս իզուր չի անցել, և հոգնածությունն էլ հաճելի է։

Ի՞նչ նորություններ Ձեզանից սպասենք։

– Որպես նորություն` շուտով սպասեք Լուարայի նոր տեսահոլովակը։ Լավ եղեք, միշտ Ձեր Միհրան։

Տեսանյութեր

Լրահոս