Skype-ը գրավել է համաշխարհային հեռախոսային թրաֆիկի 1/3-րդը
TeleGeography ընկերության կողմից անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինտերնետում Skype-ի միջոցով իրականացվող զանգերը գրավել են միջազգային հեռախոսային թրաֆիկի 1/3-րդը, ինչը բացարձակ ռեկորդ է ինտերնետ-հեռախոսակալի բոլոր նմանատիպ ծառայությունների համար: Այս մասին գրում է Вести-ն:
Նշենք, որ Skype ծառայությունը հնարավորություն է տալիս ինտերնետի միջոցով տեսազանգեր և ձայնային զանգեր կատարել, ֆայլեր և հաղորդագրություններ ուղարկել։ Թեև Skype-ը հաճախակի է մեղադրվում գաղտնիության իրավունքի խախտումների մեջ, այնուամենայնիվ, ծառայությունն իր դիրքերը չի զիջում, այլ ընդհակառակը՝ դրա հեղինակությունը գնալով աճում է։
TeleGeography ընկերության փորձագետների տվյալների համաձայն՝ 2012թ. ընթացքում համաշխարհային հեռախոսային թրաֆիքի ծավալը կազմել է 490 մլրդ րոպե, որից 167 միլիարդը խոսվել է Skype-ի միջոցով, ինչը կազմում է շուկայի 1/3-րդը:
Սա չի նշանակում, որ ավանդական հեռախոսային-օպերատորներին արդեն ժամանակն է ուղարկել պատմության գիրկը, սակայն ինտերնետ- հեռախոսակապի ճնշումը նրանց վրա գնալով ավելի էական է դառնում:
TeleGeography ընկերության վերլուծաբան Սթեֆան Բակկերտի կարծիքով՝ ավանդական հեռախոսային ընկերությունների վրա ճնշում գործադրում է ոչ միայն Skype-ը, այլ նաև Viber-ը, Google Voice-ը և այլն: Նրա խոսքով` Skype-ի և նմանատիպ ծառայություններ առաջարկող ընկերությունների հետ մրցակցության պատճառով բջջային կապի օպերատորները ստիպված են իջեցնել սակագները, ինչի արդյունքում օգտատերերը անշուշտ միայն շահում են։