Տարօրինակ է՝ Հայրիկյանի մահափորձից հետո նրա «like»-երի թիվն ավելացավ ընդամենը մի քանի հարյուրով

168.am-ի հետ զրույցում Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով համացանցում ՀՀ նախագահի թեկնածուների ակտիվությանը, ասաց. «Եթե մարդը նախագահի թեկնածու է, նա ենթադրում է ստանալ հարյուրավոր-հազարավոր ձայներ, սակայն նախագահի գրեթե բոլոր թեկնածուներն ունեն ընդամենը մի քանի հազար հետևող (like): Միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետևորդներիը քանակը վերջերս հասավ 14.000-ի: Այլ  թեկնածուների հետ համեմատած թեև դա շատ է, սակայն այնուամենայնիվ հաշվի առնելով այն, որ Հայաստանից Facebook-ի օգտատերերի քանակը մոտ 400.000 է, պարզ է դառնում, որ մարդիկ, փաստացի հետաքրքրություն չունեն թեկնածուների և ընտրությունների հանդեպ»:

Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ անգամ մեմ էջերը, որտեղ թեկնածուների կողմից հնչեցված ինչ-որ բառեր, արտահայտություններ ծիծաղելի կերպով են ներկայացված, երբեմն ավելի շատ հետևող  ունեն, քան թեկնածուների պաշտոնական էջերը:

«Շատ տարօրինակ է՝ երբ Պարույր Հայրիկյանի մահափորձից հետո նրա էջի հետևողների քանակը ավելացավ ընդամենը մի քանի հարյուրով: Այս ամենը նշանակում է, որ մարդկանց հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ քիչ է»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ այդ ժամանակահատվածում Պ. Հայրկյան թեկնածուն քննարկումների կենտրոնում էր: Ըստ փորձագետի՝ հատկապես Twitter-ում Հայրիկյանի դեմ մահափորձը դարձավ այն կետը, որից հետո Twitter-ն աշխուժացավ: «Դա աշխուժացրեց այն զանգվածը, որը թեև մեծ չէ, սակայն բազմաթիվ կապեր ունի արտասահմանյան մամուլի հետ»,- ասաց Ս. Մարտիրոսյանը՝ միաժամանակ նկատելով, որ, բնականաբար, տարբեր հանգամանքներից ելնելով սոցիալական ցանցերում պատկերը տարբեր է:

Ըստ Ս. Մարտիրոսյանի՝ Facebook-ում գրանցված օգտատերերի կեսից ավելին «պաչիկներ», «վալենտինչիկներ» են ուղարկում և բոլորովին էլ հետաքրքրված չեն քաղաքականությամբ, իսկ քաղաքականությամբ հետաքրքրված է շատ նեղ զանգված՝ լրագրողներ, հ/կ-ներ, քաղաքական ակտիվիստներ, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցեր և այլն:

«Բոլոր թեկնածուների հետևորդների (like) քանակը, որ մոտ 2-3000 է: Ենթադրում եմ, որ դա նրանց թիմն է, նրանց մտերիմները, դրան գումարած լրագրողներ, հ/կ-ների ներկայացուցիչներ, ովքեր մոնիտորինգ են իրականացնում: Իսկ զուտ հետաքրքրված քաղաքացիները շատ քիչ տոկոս են կազմում»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

Իսկ թե քանի like ունեն ՀՀ նախագահի թեկնածուները, կարող եք կարդալ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս