«Փաստերը ձեռքիս են». Անահիտ Բախշյանի բաց նամակը՝ վարչապետին
«Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է հրապարակել՝ հասցեագրված վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Ա. Բախշյանը գրել է.
«SOS
Հարգելի պարոն Վարչապետ
Հայոց լեզվի շտեմարանների հետ կապված աղմուկը չլռած, հիմա էլ խուճապ է անգլերենի շտեմարանների հետ կապված:
Անգլերենի շտեմարաններում էջերով արտատպված են Longman INTRODUCTORY COURSE FOR THE TOEFL TEST թեստային աշխատանքների գրքից երեք ձևով: Առաջին. նույնությամբ արտագրված են, երկրորդ՝ տեքստերը նույնն են, պահանջներն են փոխված և երրորդը՝ տեքստերի մեջ չնչին փոփոխություններ են արված: Փաստերը ձեռքիս են: Շտեմարանների հեղինակներն անթաքույց արտագրությամբ են զբաղվել, սա ի՞նչ է, եթե ոչ՝ գրագողություն:Պարզվում է մեր շրջանավարտներն անտեղյակ հանձնում են TOEFL TEST,որի պահանջները, կասկածում եմ, որ բխում են ՀՀ պետական չափորոշիչներից: Հարց է ծագում, թե ո՞ւմ հրամանով է ձևավորվում շտեմարանների հեղինակային խմբերի կազմը, ո՞վ է վերահսկում այդ խմբին, տպվելուց առաջ ինչո՞ւ չի իրականացվում ԿԳ նախարարի հրամանը՝ շտեմարանների փորձաքննություն անցկացնելու մասին:
Պարոն Վարչապետ,վերջապես, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար, որովհետև կառույցը, որին վերապահված են վերոնշյալ գործողությունները, գործում է Ձեր աշխատակազմում:
Հարգանքով՝ Անահիտ Բախշյան»