
Կարենը փորձել է «Զվարթնոցի» տնօրենից 80 միլիոն դրամ կորզել, սակայն ԱԱԾ-ն կանխել է

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է խոշոր չափերով գումար շորթելու դեպք:
ՀՀ քաղաքացի Կարեն Աշոտի Սիմոնյանը, շահադիտական նկատառումներով, <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանից առանձնապես խոշոր չափերով գումար շորթելու դիտավորությամբ, 2013 թվականի հունվարի 21-ից փետրվարի 14-ն ընկած ժամանակահատվածում, ներկայանալով որպես միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, պահպանելով գաղտնիության որոշակի կանոններ` փորձելով թաքցնել հետքերը, զգեստափոխվելով, Երևանի տարբեր վարչական շրջաններում գործող ինտերնետ ակումբներից, Խուան Պաբլո Գեչիջյանին և նրա ընտանիքի անդամներին սպանության սպառնալիքներով էլեկտրոնային հաղորդագրություններ է ուղարկել վերջինիս կողմից օգտագործվող էլեկտրոնային հասցեին, որոնցում հանցավոր սպառնալիքներն ի կատար չածելու դիմաց պահանջել է վճարել 80 մլն ՀՀ դրամ գումար:
Փետրվարի 14-ին Կարեն Աշոտի Սիմոնյանը ձերբակալվել է, երբ փորձում էր իրականացնել իր հանցավոր մտադրությունը:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քր. օր-ի 182-րդ հոդվածի հատկանիշներով:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն