Բիձինա Իվանիշվիլին հանդիպումներ է ունեցել Աբդուլլահ Գյուլի և Ռեջեփ Էրդողանի հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր թուրքական մեկօրյա այցի շրջանակներում երեկ հանդիպումներ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Իվանիշվիլին և Գյուլը հիմնականում քննարկել են երկու հարևան երկրների հարաբերությունների խորացման հարցը: Զրույցի ժամանակ նրանք անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առաջնահերթություններին: Նշվում է, որ հանդիպումն անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում:
Իվանիշվիլին երեկ Անկարայում հանդիպել է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Այդ հանդիպումը նախ կայացել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով: Այս հանդիպման ժամանակ էլ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների, այդ թվում նաև տնտեսական կապերի խորացման հարցը:
Էրդողանն ու Իվանիշվիլին քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցն ու այն բազմաթիվ նախագծերը, որոնց մասնակցում են Թուրքիան ու Վրաստանը: Տետ-ա-տետ հանդիպումից հետո բանակցություններին ներգրավվել են երկու երկրների կառավարական պատվիրակությունները: Իվանիշվիլիի թուրքական այցն ավարտվել է Էրդողանի հետ հանդիպմամբ:
Հիշեցնենք, որ Իվանիշվիլին Թուրքիա էր մեկնել երեկ և առաջինը հանդիպել էր Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ: Թուրքական այցի ժամանակ Իվանիշվիլիին ուղեկցել են էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն, ինչպես նաև ֆինանսների ու մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ: